Երբ երեխան իրեն վատ է զգում և ուժեղ սրտխառնոց ունի, ամենից հաճախ կարծում են, որ դա սննդային թունավորում է կամ աղիքային վարակ: Բայց ծնողները պետք է ուշադիր լինեն, դա կարող է ացետոնեմիա լինել:
Ացետոնեմիա առաջանում է առավելապես երեխաների շրջանում երեխայի նյութափոխանակության խնդիրների դեպքում: Գլիկոգենի պահուստները սպառվում են, և օրգանիզմն անբավարար գլյուկոզա է ստանում էներգիայի արտադրության համար: Ձևավորվում են չափից շատ թունավոր կետոնային մարմիններ, որոնք փոքր օրգանիզմը չի կարողանում հաղթահարել:
Երեխայի օրգանիզմը որոշ առանձնահատկություններ ունի, որոնք այն խոցելի են դարձնում ացետոնեմիայի առաջ: Նախ՝ երեխաները գլիկոգենի ոչ մեծ պաշար ունեն լյարդում և մկաններում, ուստի դրանք կարող են շատ արագ սպառվել: Երկրորդ՝ նրանց նյութափոխանակությունն ավելի ինտենսիվ է: Երրորդ՝ երեխաների ենթաստամոքսային գեղձը ֆերմենտների բավական ցածր ակտիվություն ունի, որն աճում է երեխայի մեծանալու հետ: Չորրորդ՝ երեխաների արյան մեջ սովորաբար գլյուկոզայի «մակարդակն անկայուն է»:
Ացետոնեմիայի դեպքում բարձրանում է կետոնային մարմինների մակարդակն արյան մեջ, ինչը, իր հերթին, հանգեցնում է սրտխառնոցի, որովայնի ցավի, ախորժակի բացակայության: Օրգանիզմն էներգիա է ստանում ճարպերի ճեղքվելու միջոցով, այդ ընթացքոմ ացետոն է առաջանում, որը հայտնվում է արյան մեջ: Այդ պատճառով երեխայի բերանում ացետոնի հոտ է առաջանում: Նույն հոտը նաև երեխայի մեզից է գալիս:
Ինչպես պարզել, որ երեխան ացետոնեմիա ունի
Ճշգրիտ հաստատման համար օգտագործում են ացետոնի հատուկ թեստ-համակարգ ժապավենների տեսքով: Եթե ժապավենի վրա միզելուց 3 րոպե անց այն մանուշակագույն դառնա, նշանակում է՝ երեխան ացետոնեմիա ունի: Ժապավենի փաթեթի վրա սանդղակ կա, ըստ որի կարող եք համեմատել և հասկանալ վիճակի ծանրությունը (+-ից մինչև +++):
Հիվանդության կանխարգելման համար շատ կարևոր է, որ երեխան բավականաչափ գլյուկոզա ստանա, ուստի երեխային պետք է քաղցր թեյ կամ չամիչ տալ ֆիզիկական կամ հուզական ծանրաբեռնվածությունից հետո, նաև հիվանդության սկզբում (մրսածություն, բրոնխիտ և այլն): Օգտակար կլինի նաև չրերով կոմպոտը:
Ինչ անել, եթե երեխան ացետոնեմիա ունի
Առաջին հերթին անհրաժեշտ է իրատեսորեն գնահատել փոքրիկի վիճակը և շտապ միջոցներ ձեռնարկել:
Եթե երեխայի բերանից ացետոնի հոտ է գալիս կամ թեստ-ժապավենը դրական է (+,++), բայց սրտխառնոց չկա, ապա անհրաժշետ է նրան գլյուկոզա տալ հեղուկի տեսքով, դրա ջերմաստիճանը պետք է նույնպիսին լինի, ինչպիսին երեխայինը: Կարելի է երեխային չամչով եփուկ տալ: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է 1 ճ/գ չամչի վրա 200 մլ եռացած ջուր լցնել և թրմել 1 ժամ: Պետք է երեխային խմեցնել հաճախ, բայց ոչ մեծ քանակով (2-3 կում կամ 1-2 թ/գ) 5-10 րոպեն մեկ:
Եթե երեխան ++, +++ ացետոնեմիա ունի և սրտխառնոց, հեղուկի քանակը պետք է սահմանափակել մինչև 50-100 մլ, բայց այն պետք է շատ գլյուկյոզա պարունակի: Կարելի է գլյուկոզայի 40%-անոց լուծույթ օգտագործել սրվակներով: Սրվակը պետք է բացել, լուծույթը լցնել թեյի կամ դեսերտի գդալի մեջ, տալ երեխային: Նաև պետք է սրտխառնոցի դեմ դեղամիջոցներ տալ, որոնք միայն բժիշկը կարող է նշանակել:
Եթե երեխան ++++ ացետոնեմիա ունի, սրտխառնոցի նոպաներ կան (3-4 անգամ), բայց երեխան խմում է, անհրաժեշտ է հատուկ դեղամիջոցներով պայքարել ջրազրկման դեմ: Եթե երեխան չի կարողանում խմել կամ չդադարող սրտխառնոց ունի, պետք է անհապաղ բժշկի դիմել:
Նաև անհրաժեշտ է շտապ հիվանդանոց գնալ այս դեպքերում՝ երեխայի լեզուն չոր է, երեխան առանց արցունքների է լաց լինում, չի խմում, ավելի քան 6 ժամ չի միզում:
Ացետոնեմիայի դեպքում կարևոր է հատուկ դիետա պահպանել:
Անհրաժեշտ է բացառել՝
Բոլոր ճարպերը, ներառյալ՝ բուսական և ձկան ճարպը, մսի և ձկան արգանակները,
Սնկերը, լոբազգիները,
Ներկանյութեր և համի ուժեղացուցիչներ պարունակող բոլոր մթերքները (մայոնեզ, չիփս, երշիկ, ապխտած սնունդ), կաթնաթթվային մթերքները,
Թթու բանջարեղենը և միրգը (նարինջ, կիվի, լոլիկ, սմբուկ),
Կոֆեին պարունակող բոլոր ըմպելիքները,
Հացը և կարագով թխվածքը։
Օգտակար կլինի երեխային կերակրել բոլոր տեսակի շիլաներով (բացի սպիտակաձավարից), չամչով կամ չրերով կոմպոտ, քաղցր թեյ խմեցնելը: