Ադրբեջանը երկրում ռազմահայրենասիրական դաստիարակությունը պետական մակարդակով ոչ միայն խրախուսում, այլ լուրջ ֆինանսական միջոցներ է հատկացնում:
Մի քանի օր առաջ երկրով մեկ մեկնարկվել է 18-25 տարեկանների բանակումը, որը ռազմահայրենասիրական մոտիվներով էր: Ահա այսօր արդեն ազդարարվել է «Պատանի Հեյդարներ» ռազմահայրենասիրական ամառային ճամբարի բացումը: Այն 10-16 տարեկան երեխաների համար է, որոնք ճամբարն անցկացնելու են բացառապես զինվորական կարգ ու կանոնով:
Հատկանշական է, որ մինչ ճամբար մեկնելը երեխաների մոտ ելույթով հանդես է եկել Ադրբեջանի ռազմական գերատեսչության անձնակազմի հետ տարվող բարոյահոգեբանական պատրաստության և դաստիարակաության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ռասիմ Ալիևը:
Նա իր խոսքով բացահայտ հակահայ և հայատյաց քարոզչություն է իրականացրել:
Մասնավորապես նշել է, որ «հաջորդ ռազմահայրենասիրական ճամբարը լինելու է թշնամու կողմից օկուպացված հայրենիքի լեռներում»: Նա նաև խորհուրդ է տվել երկրի բոլոր գործարարներին ստեղծել ռազմահայրենասիրական ճամբարներ իրենց աշխատողների երեխաների համար: