Հոխորտացող, ուլտրապաթոսային մտքեր շարադրելն իմը չէ, սակայն մի բան կուզեի առանձնացնել։ Այն, որ 2016թ. ապրիլյան դեպքերից հետո հերթական ապրիլը դիմավորում ենք պայմանական ասած խաղաղությամբ, արդեն իսկ ձեռքբերում պետք է համարել։ Չեմ սխալվի, եթե ասեմ խոշոր ձեռքբերում, եթե մի պահ մեր իրողությունները համեմատենք այլ հակամարտությունների հետ, որտեղ ամենօրյա հրթիռակոծություններ են արձանագրվում, ընդ որում՝ հրթիռակոծվում են երկրների խորքում ընկած քաղաքներ, բնակավայրեր։
Չկա երկրի վրա գոնե մեկ ադեկվատ մարդ, ով չի ուզում խաղաղություն։ Անձամբ ինձ համար յուրաքանչյուր հայ զինվորի կյանքն անհամադրելի է ցանկացած ռազմավարական նշանակության հողակտորի հետ։ Իմ սուբյեկտիվ մոտեցմամբ հասարակության բարեկեցությունը բխում է ոչ թե պետության, այլ անհատի, քաղաքացու անվտանգությունից։ Մարդը բարձրագույն արժեք է։ Դժբախտաբար, այնպիսի իրականությունում ենք ապրում, որ հողակտորի համար կռիվն է, ըստ էության, հայ զինվորի կյանքի անվտանգության երաշխիքը։ Քաղաքակիրթ մարդու համար սա տեսականորեն անընկալելի երևույթ է։ Ինչևէ, վերադառնալով մեր իրականություն՝ մեզ բոլորիս չէր խանգարի ապրել այն գիտակցումով, որ արցախյան հակամարտության առժամանակ լուծման ելքի հիմնական սցենարը, դժբախտաբար, շարունակում է մնալ ռազմականը, համենայն դեպս, ես այդպես եմ կարծում։ Առժամանակ լուծում, քանի որ գոնե ինձ համար այս հիմնախնդրի լիարժեք կարգավորումն անորոշ է թվում առաջիկա տասնամյակներում։ Միգուցե սխալվում եմ, չգիտեմ։ Իմ սուբյեկտիվ մոտեցմամբ, գուցե սխալվում եմ, չգիտեմ, երբ յուրաքանչյուրս մեր առօրյա կյանքում, մտածելակերպում, վարվելակերպում ու վերաբերմունքում գիտակցենք ու շարժվենք այն տրամաբանությամբ, որ անհատն է բարձրագույն արժեքը, որ պետության անվտանգությունն ու բարեկեցությունը բխում են անհատի բարեկեցությունից ու անվտանգությունից, այդ պահից սկսած կարող ենք խոսել հաղթանակի մասին։