Աշխարհը մեծ է, բայց միևնույն ժամանակ փոքր: Այսօր Հայաստանում առկա խնդիրներից շատերը առկա են բազմաթիվ այլ երկրներում ևս, թերևս միայն մասշտաբների մեջ է խնդիրը:
Օրինակ՝ մենք բողոքում ենք, որ կառավարությունը 500 հազար դոլար է ծախսում բիոզուգարանների վրա՝ պատճառաբանելով, որ դա ուժգին խթան կլինի տուրիզմի համար, միևնույն ժամանակ, նույն կառավարությունը հայտարարում է, որ տարին կես եղած, բայց արդեն սպառվել է երեխաների անվճար բուժման համար հատկացված բյուջեն...
Նույն խնդրի ավելի մեծ տարբերակին ականատես ենք լինում Բրազիլիայում, որտեղ գալիք աշխարհի առաջնության նախապատրաստման համար հատկացված 15 միլիարդ դոլարը բուռն բողոք է առաջացրել ֆուտբոլասեր բրազիլացիների մոտ, ովքեր համարում են, որ կան ավելի օրհասական խնդիրներ, որոնք կարելի կլիներ լուծել այդքան փողով՝ առողջապահական ու կրթական համակարգերում ռեֆորմներ անցկացնելով:
Բրազիլիայում բանը հասել է նրան, որ մի քանի հազար ցուցարարներ բողոքի ցույց են կազմակերպել վերակառուցվող մարզադաշտերից մեկի մոտ, իսկ ոստիկանությունը դաժանորեն ճնշել է այդ ցույցը՝ ռետինե մահակների, փամփուշտների ու արցունքաբեր գազի օգնությամբ:
Դժվարանում եմ ասել, թե որքանով է բրազիլական հասարակությունը կիսում այս տեսակետը, դժվարանում եմ ասել, թե այդ 15 միլիարդ դոլարի որ մասն է նպատակային ծախսվում, սակայն պարզ է մի բան. եթե հասարակությունը դժգոհ է, ու նրա դժգոհությունն ունի հիմնավորված պատճառներ, ապա ցանկացած այլ ծախս ընկալվելու է որպես ավելորդություն այդ հասարակության կողմից ու ավելացնելու է սոցիալական լարվածության ու անվստահության աստիճանն առ կառավարություն ու իշխանություններ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=139271499600831&id=100005539451765¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել