Հայոց լեռնաշխարհում, այդ թվում՝ Արցախում, մասնավորապես՝ Ստեփանակերտում բարձր մակարդակով շարունակում են ծառահատումները։ Եվ լավ էլ անում են։ Ո՞ւմ են պետք այդ ծառերը, որ տնկվել են ադրբեջանական բռնակալության ծանր ու դաժան տարիներին։ Թող կորչեն հնի մնացուկ բոլոր այդ կանաչտերևավորները։ Կեցցեն թփերը։ Պետք է զարկ տալ կանաչապատման «թուփ» եղանակին։ Ընդհանրապես թուփը, գազոնը հասարակության բոլոր ոլորտներում պետք է դարձնել համընդհանուր ընդօրինակման առարկա, չափանիշ, էտալոն, որ միշտ աչք է շոյում իր համեստությամբ՝ ի տարբերություն վեր ցցված ու մեր նվաճումների վրա ստվեր նետող զանազան այլանդակ ծառազգիների... Թփերը հեշտ «ղեկավարելի են», մի փոքր վեր են բարձրանում, հատուկ մեքենա-սարքավորումով խուզում, հավասարեցնում են։ Հայոց մերօրյա կադրերն աննշան տարբերությամբ՝ այդ ԹՈՒՓ տեսակից են՝ ո՛չ միայն ինտելեկտուալ առումով։ Պարզապես ունիվերսալ են՝ որտեղ տնկում ես՝ աճում են։ Անկախ նրանից՝ գյուղնախարարությո՞ւն է, կրթության և գիտության ոլո՞րտ, թե՞ մշակույթի խոպան...
Ի դեպ, ուղղակի ապշել ու զարմանալ կարելի է, թե ինչպես հարևան հետամնաց ու պահպանողական Թուրքիայում ինչ-որ Գեզի զբոսայգու ծառահատման աշխատանքների պատճառով հարյուր հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր ու հակակառավարական ակցիաներ են անում։ Ամենածիծաղելին այն է, որ ծառահատման դեմ այդ անմիտ բողոքի շարժումը տարածվել է թուրքական 67 քաղաքներում։ Այ քեզ տխմարներ, գոնե օրինակ վերցրեք մեզնից։ Օրինակ վերցրեք նաև Հայաստանից, որտեղ նույնպես ծառերն օրենքից դուրս են հայտարարվել, քանի որ ամեն քայլափոխում հիշեցնել են տալիս խորհրդային անազատ ու ապազգային 70 տարիները (օրինակ՝ Դիլիջանում «էլիտար» դպրոց կառուցելու համար հատկացվել է 88 հեկտար անտառապատ տարածք և արդեն շինարարության համար հատվել է շուրջ 10-11 հեկտար անտառ)...
Ծիծաղելի է անշուշտ։ Բայց ախր շատ է տխուր։ Ամեն անգամ գլխատված ծառ տեսնելիս հիշում եմ հորս՝ Վազգեն Օվյանի վաղուց գրված այս բանաստեղծությունը.
Կա հին մարագը և խոտի դեզը,
Կալատեղն էլ կա, բայց չկա եզը։
Եզը ի՞նչ աներ, անցել է դարը,
Դե եզ է, էլի, գլուխը քարը...
Տրակտորի տված բարիքը ծով է,
Ատոմի դարում եզ պահողն ո՞վ է։
Արորի բախտը բերեց այս անգամ,
Եկան քաղաքից, տարան թանգարան։
- Էքսպոնատ է արորը,- ասին,-
Պիտի իմանա աշխարհն էդ մասին։
- Բա ե՞զն,- հարցրին,- ի՞նչ անի անգործ։
- Եզան համար էլ կա սպանդանոց։
Եզը խեղճ եզ էր, դե ո՞ւմ բողոքեր,
Վճիռը անբեկ ու անողոք էր։
Տարան մորթելու, ու չբառաչեց,
Տարան քերթելու, ու չհառաչեց.
Ականջում արտի շրշյուն-շորորն էր,
Հոգում մաճկալի հո՜-հորովելն էր։
Հեռվում մարագն էր ու խոտի դեզը...
Եվ ոչ ոք չասաց. «Ափսո՜ս է եզը»։
1984 թ.