Astvacacin_wqd

Պետք է իմանալ ամենօրհնյալ Սբ. Կույս Մարիամի Ննջման պատմությունը, որ գրեց սուրբ Հովհաննես Ավետարանիչը: Երբ հասավ ամենասրբուհու` մարմնավոր կյանքից դեպի հանդերձյալը փոխվելու ժամանակը, ինչպես օրեր առաջ Գաբրիել հրեշտակապետն իջավ նրա մոտ և հղության ավետիսը տվեց, նույն Գաբրիել հրեշտակապետն էլ ավետեց Սուրբ Կույսի` երկրից երկինք փոխադրվելու լուրը: Բերկրեց և զվարճացավ նրա հոգին: Եվ ելնելով սկսեց շրջել և աղոթել Քրիստոսի տնօրինական վայրերում: Եվ դարձյալ 13 օրից հետո եկավ Գաբրիելը և խոնարհվելով ողջունեց Տիրածին Կույս Մարիամին` ասելով. «Ուրախացիր բերկրեալդ կանանցից, քանզի կանչում է քեզ մեր Արարիչը` քո Միածին Որդին»:
Եվ պսակեց Սուրբ Կույսի գլուխը Ադամի Դրախտից բերած բրաբիոնե պսակով: Ամենասուրբ Կույսի համար ծաղիկներից և արմավենու ոստերից հյուսված բրաբիոնի պսակը իր` երկրից երկինք փոխադրման ավետիսն եղավ: Մանավանդ որ հետո այն բժշկության և հրաշքների աղբյուր եղավ: Ապա ելավ Ձիթենյաց լեռը աղոթելու, և ամբողջ բույսերը և ծառերի տունկերը խոնարհվելով երկրպագում էին նրան: Այսպես էր աղոթում Աստվածածինն և ասում. «Դու, Տեր իմ Հիսուս Քրիստոս, Քո Հայր Աստծո Որդի և իմ` մոր Քո աղախնիդ` Տեր իմ Միածին, Դու Ինքդ խոստացար գալ ինձ մոտ, որ Քեզանով ավանդեմ իմ հոգին»:
Այնժամ երկնքից ձայն եկավ նրան և ասաց. «Չեմ թողնի քեզ, Մայր իմ Տիրուհի, և կկատարեմ քո խնդրանքները»: Եվ աղոթքից ելնելով` ամենօրհնյալ Մարիամը երեք օր շրջեց, աղոթեց և երկրպագեց Աստվածորդու` իր Միածնի տնօրինական վայրերով` ունենալով իր հետ Սողոմեին` Հովհաննեսի մորը և Նիկոդիմոսի դստերը` Մարթային: Տուն վերադառնալով` կանչեց իր մոտ ազգականներին և այլ սուրբ կանանց, ասաց նրանց վառել ջահերն ու ղամպարները և մնալ իր մոտ երեք օր: Եվ ապա սկսեց պատմել Աստծո փառքը: Իսկ մահվան մասին ասաց. «Երկու հրեշտակներ են գալիս մարդու հոգու ետևից` մեկը չար, մյուսը` բարի: Եվ եթե մեղավոր է հոգին, չար հրեշտակն է այն ժառանգում, և ուրախանում են դևերն այդ հոգու կորստյան համար: Եվ ցույց է տալիս չար հրեշտակը մեղավոր հոգու արդար դատաստանը և տանջանքների վայրը: Իսկ եթե արդար է հոգին, ժառանգվում է բարի հրեշտակին, և ցույց է տրվում նրան կենաց հարությունը և փառքի հանգստավայրը»:
Եվ մինչ պատմում էր, եկավ Հովհաննես ավետարանիչը, որ Քրիստոս էր քարոզում մերձակա գյուղերում և մենակ էր : Մտնելով ողջունեց և երկրպագեց Կույս Մարիամ Աստվածամորը, իսկ նա ընդունեց ողջույնն ասելով. «Բարի եկար որդյակ իմ և իմ Որդու սիրելի»: Պատմեց նրան իր փոխման մասին և ցույց տվեց իր թաղման տեղը հայրենի Գեթսեմանիի ձորում: Պատվիրեց նաև իր երկու հանդերձները տալ այն այրի կանանց, որ շրջեցին իր հետ փրկչական վայրերում: Եվ պատվիրեց Հովհաննեսին մատուցել աստվածային Պատարագը, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին և Արյանը, որպեսզի կատարվի մարգարեի խոսքը /…/թե. «Իմ ատամների մեջ իմ մարմինն ունեմ»:
Այնժամ Հովհաննեսը կանանց և Հիսուսի մայր Մարիամի հետ ելավ Վերնատունը և այնտեղ պատարագեց Հիսուս Քրիստոսին: Եվ մինչ գոհաբանական աղոթքներ էր մատուցում, իսկույն նրան ձայնակից եղան սուրբ առաքյալների դասերը, որոնց Սուրբ Հոգին ի մի հավաքեց ամբողջ աշխարհից, ուր գնացել էին Քրիստոս Աստված քարոզելու: Եվ այսպես տասը և յոթանասունը` յուրաքանչյուրն իր վիճակից Սուրբ Հոգու կանչով եկավ, հասավ Սբ Աստվածածնի ննջմանը: Եվ Պատարագի վերջին` սուրբ Հաղորդության ավարտին, երկրպագեցին սուրբ Աստվածամորը` մատուցելով հիսուսավանդ ողջույնը և ապա ողջունեցին միմյանց «ի համբոյր սրբութեան» և օրհնեցին Աստծուն իրենց` այս զարմանալի հավաքման համար: Հետո մտան Վերնատան մոտ գտնվող տունն Աստվածամոր: Եվ սուրբ Աստվածածինը ցույց տվեց նրանց բրաբիոնը, խոսեց իր ննջման մասին և ցույց տվեց իր հանգստի վայրը` Գեթսեմանի գերեզմանը: Այնժամ արտասվեցին սուրբ առաքյալները, սաստիկ լաց եղան և հիացած բրաբիոնի վայելուչ պայծառությամբ` գոհացան Աստծուց: Եվ ապա հրամայեց նստել, վառել ջահերն ու ղամպարներն, իսկ ինքը մտավ մահիճ. Պետրոսը նստեց սնարին, իսկ Հովհաննեսը` պատվանդանին: Եվ Պետրոսն սկսեց գովերգել կանանց մեջ ամենօրհնյալին` Մորն Աստծո: Աստվածամայրն իր հերթին փառավորեց և երանի տվեց Պետրոսին ` որպես «եկեղեցու հիմք և հավատի վեմ»:
Եվ դարձյալ Պետրոսն սկսեց ուսուցանել հավաքված եղբայրներին և սուրբ կույսերին և պատմեց նրանց այս առակը. «Մի հարուստ մարդ իր երկու ծառաներին աքսորեց հեռավոր մի երկիր: Մի ծառան մոռացավ իր տիրոջը և աքսորականներից իր համար գանձ և շատ ունեցվածք հավաքեց: Իսկ մյուս ծառան չդադարեց հուսալ` գուցե տերը ետ դարձնի իրեն աքսորից: Նա ոսկուց, մարգարտից և պատվական քարերից մի պսակ կազմեց: Եվ երբ տերը կանչեց նրան աքսորից, բարի ծառան պսակն իր տիրոջը մատուցեց: Տերը հավանեց պսակը և դրեց այն հավատարիմ ծառայի գլխին, իսկ մյուս ծառան դատապարտվեց»: Այս առակը պատմեց Պետրոսը երկրում ապրող արդարներիս և մեղավորներիս համար: Որովհետև, երբ արդարները Տիրոջ կամքը կատարեն և պատրաստ լինեն իրենց կանչվելու օրվան, ուրախությամբ կգնան Տիրոջ մոտ,և այն պսակը, որ կազմեցին նրանք իրենց հավատի ոսկուց և զանազան առաքինի գործերից, Տերը կդնի նրանց գլխին: Իսկ մեղավորները, ովքեր աշխարհինը և իրենց մարմնավոր կարիքները հոգացին, պիտի լան և կոծեն և դողան` բարի գործեր չունենալու պատճառով: Եվ կաղաչեն հրեշտակներին դույզն-ինչ ներում ստանալ կամ ժամանակ ` պատրաստելու իրենց:
Առավոտյան սրբուհի Մարիամն արևածագի հետ վեր բարձրացրեց ձեռքերը, աղոթեց Աստծուն և ընկողմանեց մահճում: Իսկ սուրբ առաքյալներն գիշերային հսկումից և առավոտյան պաշտամունքից հետո շրջապատեցին սրբուհու մահիճը: Իսկ Հովհաննեսը վերցրել էր կիպարիսի մի տախտակ և փորագրել վրան Տիրամոր պատկերը և տվեց Պետրոսին, և Պետրոսն ու բոլոր առաքյալներն աղաչեցինԱստվածամորն ասելով. «Ով Տիրածին Կույս, որովհետև հանդերձյալն ես գնում` քո անձկալի Միածնիդ մոտ . վերցրու և օրհնիր այս պատկերը, թող այն նշան լինի հիվանդների առողջացման և մանավանդ, բորոտների համար: Որ նրանք, ովքեր ապավինեն քո բարեխոսությանը, գտնեն առողջություն և բժշկություն իրենց ցավերից, որովհետև տրտմություն է քո` մեր միջից փոխադրվելը, որովհետև քեզանով էինք մխիթարվում Քո Որդու և մեր Աստծո համբարձվելուց հետո: Ուրեմն, տուր մեզ քո պատկերը, որպեսզի քո փոխվելուց հետո նրանով մխիթարվենք»: Եվ Աստվածամայրն իր ձեռքը վերցրեց պատկերը, խաչակնքեց և դնելով իր երեսի վրա` թրջեց արտասուքով և խնդրեց Աստծուն նրանով բժշկել բոլոր տեսակի ցավերը, առավել ևս` բորոտների պիսակները: Նույն այդ պահին լուսեղեն կամար եկավ սրբուհու վրա, ձայն լսվեց և ասաց. «Թող կատարվի քո կամքը, մայր իմ»: Եղավ ահագին որոտ, աստվածային անուշահոտություն բուրեց, և առաքյալներից բացի` բոլորը թմրեցին: Եվ օրվա երրորդ ժամն էր, երբ երկնային բազում զորքերով երկնքից իջավ Սուրբ Կույսի Որդին: Գաբրիել և Միքայել հրեշտակապետերը գալիս էին Նրա առջևից: Եվ այդ ամբողջ ժամանակ փայտյա պատկերը, որ սրբուհին ուներ իր ձեռքերում, դրեց իր հանդեպ հրեղեն կառքում կանգնած Աստվածորդու առջև, և Նա Իր աստվածային Աջով տեառնագրեց /խաչակնքեց/ Իր Մոր պատկերը: Նրանք վերցնելով երկրպագեցին և տեսան, որ տախտակի վրա նկարվել է Աստվածածին Կույսի պատկերը` աչքերն ու հոնքերը, բերանն ու քիթը, գույնն ու կերպը` ամբողջովին կատարյալ:
Եվ տեսնելով մայրը Միածին Տիրոջն իր` Հիսուս Որդուն` գոհացավ Աստծուց և փառաբանեց Նրա անունը, որ կատարեց իրեն տված խոստումը: Ապա ամենամաքուր Կույսն Մարիամ զվարթերես ավանդեց սրբասնունդ հոգին իր Միածին Որդու և մեր բոլորին Ստեղծողի ձեռքը: Եվ Տերը` Քրիստոս, վերցնելով Իր Մոր հոգին, հանձնեց Գաբրիել հրեշտակապետին: Եվ ով կարող է նկարագրել պայծառությունն Աստվածամոր հոգու, քանզի լույսից առավել սպիտակ էր, կատարյալ էր իբրև մարդ` ոչ էգ և ոչ արու` տասնհինգամյա պատանու նմանությամբ: Այս տեսնելով` առաքյալները զարմացան: Այնժամ Պետրոսը հիացմունքով դիմեց Տիրոջը. «Ամենայնի Տերդ իմ և Մոր քո Միածի Որդի, Քո անարատ Մոր հոգու պես, որ մահկանացուի հոգին է, որ արձակվելուց հետո նման է պայծառ արեգակի»: Տերն ասաց Պետրոսին. «Ով Պետրե, ի սկզբանե բոլոր արարածների հոգիներն այդպես պայծառ ստեղծեցի, ինչպիսին Իմ Մորն էր, որ ցույց տվեցի, բայց մարդիկ ապրելով մեղքերով սևացնում և աղտեղի են դարձնում: Ով Պետրե, գնա Գեթսեմանի ձորը և այնտեղ պատրաստիր իմ Մոր գերեզմանը, և երեք օր մի հեռացեք դրանից»: Հենց որ այս ասաց Տերը, այնժամ խոսեց Տիրամայրն առանց հոգու և ասաց. «Հիշիր ինձ, Տեր, որ ստեղծեցիր Քո անարատ ձեռքերով: Հիշիր ինձ, Տեր, որովհետև զգուշությամբ պահեցի քեզնից ինձ տրված իմ կուսության գանձը»: «Չեմ թողնի քեզ, իմ գանձերի գանձ, չեմ թողնի քեզ, Մայր Իմ սիրելի և մարդեղության առագաստ», – պատասխանեց Տերը:
Այս ասելով` Տերը վերացավ երկինք: Այնժամ Առաքյալների և սուրբ կույսերի հետ Սուրբ Կույսին մոտեցավ Հովհաննեսը և մաքուր կտավով պատեց անարատ Կույս Մարիամի աստվածաբնակ մարմինը:
Երբ դագաղ դրեցին, բրաբիոնե պսակը վրան դրեցին, և առաքյալներն Սուրբ Կույսին իրենց ուսերի վրա տարան և դրեցին տապանի մեջ: Լսում էին հրեշտակների երգեցողության ձայնը, բայց չէին տեսնում նրանց: Եվ Պետրոսն իր ձեռքին պահել էր Տիրամոր պատկերը, Հակոբոս Տեառնեղբայրը` Տերունական Խաչի սուրբ Նշանը, իսկ Թովմասը` խնկի բուրվառը: Եվ Պետրոսն սկսեց խորհրդաբար սաղմոսել. «Իսրայելին Եգիպտոսից հանելու համար, ալելուիա»: Եվ ողբաձայն` քաղցր ու անուշ եղանակով ամբողջ երկնավոր խումբը միաբանված` սաղմոսով ձայնակցում էին նրան:
Եվ Տիրամոր աստվածընկալ մարմինը առաքյալները սաղմոսներով և օրհնությամբ տարան և դրեցին տապանի մեջ և մնալով այնտեղ 3 օր` պահպանում էին: Եվ լսվում էր հրեշտակների փառաբանության խոսքերը: Իսկ երեք օր հետո` առավոտյան, բարձունքներից իջան անմարմին հրեշտակների զորքերը. նրանց հետ լուսափայլ ամպերի միջով եկավ Տերը մեր` Հիսուս Քրիստոս, և հրեշտակներն, առանց խախտելու Սուրբ Կույսի կնքված գերեզմանը, վերցնելով աստվածընկալ մարմինը բարձրացրին ամպերի մեջ: Իսկ Հիսուս վերցնելով միավորեց Իր Մոր և Կույսի մարմինն ու հոգին, տարավ նրան երկինք և բազմեցրեց Իր փառքի Աթոռի աջ կողմում` ըստ այն սաղմոսի, որ ասում է, կլինի Թագուհին Քո աջ կողմում ե: Այնուհետ լռեց հրեշտակների երգը, որովհետև նա կատարյալ հարություն էր առել:
Եվ սուրբ առաքյալներից մեկը` գլխավորներից, Բարդուղիմեոսը չէր հասել Աստվածածնի Ննջմանը և չորրորդ առավոտյան Խորասանից վերադարձավ և իմանալով Աստվածածին Կույսի Վերափոխման մասին` սկսեց լալ և կոծել իր անձը` պոկում էր մազերն ու մորուքը և անմխիթար ողբում, թե ինչու չարժանացավ Կույս Աստվածամոր տեսությանը: Այնժամ Պետրոսը հրամայեց բացել Ամենօրհնյալի տապանը: Երբ արագ բացեցին սուրբ գերեզմանը, չգտան Աստվածածնի մարմինը, այլ միայն պատանը և հիացած փառք տվեցին Աստծուն: Ապա վերից ձայն եկավ առաքյալներին և ասաց. «Տվեք փայտյա պատկերը Բարդուղիմեոս առաքյալին, որ տանի իր վիճակը և նրանով մխիթարվի: Իսկ Աստվածամոր մարմնի համար մի երկմտեք, քանզի նա փոխադրվեցիր Արարչի և Որդու մոտ, ուր ինքն էր կամենում. մահկանացու արարածներից մեկը Ամենասուրբ Երրորդության հետ դասվեց»: Այս լսելով` առաքյալները գոհություն տվեցին Աստծուն և փառավորեցին Աստվածամորը:
Մարիամը Համբարձումից հետո ապրեց ևս 12 տարի, իսկ երբ մահով ննջեց, 60 տարեկան էր… Աստվածամայրն իր ծննդյան օրն էլ վախճանվեց:
Պետք է գիտենալ, որ Սուրբ Կույսը բարձրահասակ էր, սպիտակամարմին, ձվաձև դեմքով, երկարամատն և լի էր Աստծո բոլոր շնորհներով` նման իր Միածին Որդուն: Մարիամը ադամորդիներից ամենագեղեցիկն էր:
Սողոմոնի վկայությամբ, որ ասում է. «Գեղեցիկդ ի կանայս, քոյր իմ Հարսն»:
Եվ բարեխոսությամբ Մոր Քո և Կույսի, Քրիստոս Աստված, ողորմիր բոլոր հավատացյալներին. ևս առավել այս բոլորը գրողին… Ամեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել