Կրակովը հետաքրքիր և կայացած ավանդույթների քաղաք է: Օրինակ՝ սուրբծննդյան տոներին նախորդող օրը քաղաքի ղեկավարը Կրակովի արքեպիսկոպոսի հատուկ արարողակարգից հետո կենտրոնական հրապարակում քաղաքի բնակիչներին և հյուրերին բաժանում է փոքր նշխար-կարկանդակներ՝ սուրբծննդյան և ամանորյա բարեմաղթանքներ հղելով բոլորին:
Ի դեպ, Կրակովը և՛ բնակչությամբ, և՛ տարածքով Երևանի չափ է: Ունի 18 ինքնավար համայնք և մեկ քաղաքային խորհուրդ, իսկ քաղաքի փաստացի ղեկավարը Կրակովի նախագահն է (պրեզիդենտը), որն ընտրվում է բնակիչների ուղիղ քվեարկությամբ՝ հինգ տարի ժամկետով:
Լուսանկարում Կրակովի ներկայիս նախագահ Յացեկ Մայխրովսկին է՝ սուրբծննդյան նշխարներ բաժանելու պահին: Մայխրովսկին պաշտոնավարում է 2002 թվականից և նրա մեծ ներդրումը քաղաքի տնտեսության կառավարման ոլորտում բարձր է գնահատվել՝ 2016-ին Լեհական քաղաքների ասոցիացիան նրան է շնորհել «Տեղական ինքնակառավարման օրինակելի ներկայացուցիչ» ամենամյա պատվավոր կոչումը: