ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Աշտարակում այսօր հանդիպել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին Արագածոտնի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների և կուսակցությունների նախընտրական շտաբների ղեկավարների հետ։
Ոստիկանության փոխանցմամբ՝ Օսիպյանը ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող թեկնածուներին տրամադրել է ոստիկանության պատրաստած թռուցիկները, որոնք կանխարգելիչ նշանակություն ունեն, քանի որ հիշեցնում են ընտրությունների հետ կապված օրենքով արգելվող գործողությունների մասին։
Նույն օրը ոստիկանության պետը հանդիպում է ունեցել նաև ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին Շիրակի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին և կուսակցությունների նախընտրական շտաբների ղեկավարների հետ։
Ոստիկանապետն իր խոսքում հերքել է լուրերը, թե, իբր, ոստիկանությունը կաշկանդված է։
«Այն ոստիկանությունը, որը մի քանի ամսում առանց որևէ պատահարների ապահովել է Հայաստանի Հանրապետության 100-ամյակի միջոցառումներ, «Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովի» անվտանգությունը, պատշաճ ու բարձրորակ ծառայությամբ անցկացրել է մայրաքաղաքի 2780 ամյակին նվիրված միջոցառումները, ինչպես և Երևանի ավանագանու ընտրությունները, չի կարող լինել կաշկանդված»,- ընդգծել է Վալերիյ Օսիպյանը։