ՀՀ ոտիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Երևանում գործող տուրիստական ընկերություններից մեկի տնօրենը Սիրիայի Արաբական Հանրապետության մի քաղաքացուց վերցրել է 6500 եվրո և անձնագիրը՝ մեկ այլ անձի միջոցով նրա եվրոպական երկիր մեկնելը կազմակերպելու, ինչպես և Շենգենյան վիզա ստանալու նպատակով։
Այդ գործողությունները հանձն առած տղամարդը ոչ միայն չի կատարել խոստումը, այլև տուրիստական ընկերության տնօրենին չի վերադարձրել վերցրած գումարը։ Ամիսներ անց տուրիստական ընկերության տնօրենին է հանձնել Սիրիայի քաղաքացու անձնագիրը, ուր փակցված է եղել Արաբական Միացյալ Էմիրություններում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան կողմից տրված Շենգենյան վիզա։ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները արտոնագրի իսկությունը ստուգելու նպատակով անձնագիրն ուղարկել են փորձաքննությաքն։
Ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ արտոնագիրը կեղծ է։
Խարդախության և իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելու, իրացնելու և օգտագործելու հատկանիշներով ոստիկանությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։
Կատարվածի հանգամանքները պարզվում են: