Ծխելը ամենատարածված վնասակար սովորություններից է, որը երբեմն հանգեցնում է առողջության լուրջ խանգարման:
Սկզբում ծխախոտն օգտագործել են հոտ քաշելով կամ ծամելով, այնուհետև սկսել են ծխել. այս դեպքում նիկոտինն առավել արագ է ազդում: Նիկոտինը թույլ գրգռող ազդեցություն է ունենում կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի վրա, բարձրանում է արյան ճնշումը, սեղմվում են մանր անոթները, արագանում է շնչառությունը, ավելանում է մարսողական համակարգի գեղձերի հյութազատությունը: Բացի նիկոտինից, վտանգավոր են նաև ծխախոտի այրումից առաջացած նյութերը: Ծխախոտի ծխի շնչումը նվազեցնում է զարկերակային արյան թթվածնի պարունակությունը, առաջանում է բրոնխների լորձաթաղանթի գրգռում, որն այնուհետև հանգեցնում է քրոնիկական բրոնխաբորբի և թոքափքանքի առաջացման:
Ծխողներին մշտապես անհանգստացնում է հազը: Ծխախոտ ծխելը հաճախ բերանի խոռոչի, կոկորդի, բրոնխների և թոքերի չարորակ ուռուցքների առաջացման պատճառ է դառնում: Մշտական և երկարատև ծխելը հանգեցնում է վաղաժամ ծերացման: Ծխողներն ունենում են բնորոշ արտաքին՝ աչքերի սպիտապատյանի և մաշկի դեղնություն, ժամանակից շուտ թորշոմածություն, ինչպես նաև ձայնի հնչեղության կորուստ, խռպոտություն: Բացահայտված է ծխելու վնասակար ազդեցությունը կնոջ վերարտադրողական գործառույթների վրա:
Ծխելը թողնելն այնքան էլ հեշտ չէ, սակայն մեծ ցանկության դեպքում չծխել հնարավոր է նույնիսկ ծխախոտի երկարատև օգտագործումից հետո:
Իսկ բոլոր նրանք, ովքեր այնուամենայնիվ չեն կարողանում հրաժարվել վնասակար սովորությունից, խնդրում ենք բոլոր ծխողներին հետևել այս կանոններին.
Ծխելու ժամանակ միշտ հիշե՛ք, որ բացի Ձեր առողջությունից, վտանգում եք նաև շրջապատի մարդկանց առողջությունը:
Չծխողների համար տհաճ է ծխախոտի հոտը, ուստի խորհուրդ է տրվում նախքան ծխելը թույլտվություն ստանալ ներկաներից:
Հարգի չէ որևէ հաստատություն մտնել ծխախոտը ձեռքին:
Հյուրընկալվելիս պետք է ծխելու թույլտվություն ստանալ ներկաներից և շնորհակալություն հայտնել: Եթե այնտեղ, որտեղ հրավիրված եք, արդեն ծխում են, ապա թույլտվություն պետք է խնդրեք ձեր կողքի նստածից, իհարկե սկզբում նրան ծխախոտ առաջարկելով:
Եթե հյուրը ծխող չէ, տանտերը նրա ներկայությամբ չպետք է ծխի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=313516612115443&id=100003713196176¬if_t=wall
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել