Նոյեմբերի 21-ին Բաքվում կկայանա Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի հանդիպումը Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերի և Վրաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Չաչիբայի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ կփոխանակեն եռակողմ ձևաչափով համագործակցության զարգացման հետ կապված հարցերի, տարածաշրջանային կայունության ապահովման շուրջ:

Թուրք-ադրբեջանական տանդեմը Վրաստանին ընդգրկում է իրենց դաշինքում: Չմոռանանք, որ Վրաստանն ընտրել է ՆԱՏՕ-ի անդամակցելու ուղենիշ, Վազիանում է տեղակայվել ՆԱՏՕ-ի ուսումնամարզական կենտրոնը: ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն ռազմական ենթակառուցվածքներ են ստեղծում Վրաստանում` ՌԴ-ի սահմանների երկայնքով, իսկ ՀՀ-ն Մոսկվայի ռազմավարական դաշնակիցն է, ՀԱՊԿ-ի անդամ, ՀՀ-ում է տեղակայված ռուսական ռազմաբազան: Այսինքն՝ Վրաստանն ու ՀՀ-ն ունեն ռազմա-քաղաքական տարբեր ուղենիշներ:

Ադրբեջանը և Թուրքիան Վրաստանի խոշորագույն ներդրողներն ու առևտրային գործընկերներն են:

Թուրք-ադրբեջանական ներդրումները վրացական տնտեսության մեջ նաև քաղաքական լծակներ, ազդեցություն ստեղծելու նախապայման են՝ ադրբեջանական ներդրումները տրանսպորտային՝ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի վրացական հատվածը կառուցվել է ադրբեջանական վարկով, էներգետիկ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում, TANAP և այլ նախագծեր, Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա՝ էներգետիկ կամրջի նախագծերը հագեցնում ու հարստացնում են Թբիլիսի-Բաքու, Բաքու-Թբիլիսի-Անկարա հարաբերությունների օրակարգը:

Վրաստանում բնակվում է կես միլիոնի հասնող ադրբեջանական համայնքը, որը Բաքվի կողմից ազդեցության, այս անգամ՝ դեմոգրաֆիկ ազդեցության լծակ է:

Ադրբեջանական իշխանությունները ներդրումներ են կատարում ադրբեջանաբնակ շրջաններոմ՝ Քվեմո-Քարթլի և այլն, որպեսզի տեղի ադրբեջանցիները չարտագաղթեն, բնակվեն Վրաստանում, հետադարձ կապ պահպանեն Ադրբեջանի հետ։ Կառուցվում են մզկիթներ, որպեսզի այդ բնակչության մեջ պահպանվի թյուրքական, իսլամական գաղափարախոսությունը, որն անհրաժեշտ պահին օգտագործվելու է թե՛ տեղի հայերի դեմ (Քվեմո-Քարթլիում նաև հայաբնակ գյուղեր կան), այնպես էլ ՀՀ-ի դեմ (ադրբեջանաբնակ շրջանները սահմանակից են ՀՀ Լոռու ու Տավուշի մարզերին):

Վրաստանի բնակչությունը ծերանում է, վրացիների մոտ ժողովրդագրական ճգնաժամ է, որը շուտով աղետի է վերածվելու: Թուրք-ադրբեջանական տանդեմն այդ ժամանակ օգտագործելու է թե՛ արտագաղթը Ջավախքից՝ այնտեղ թուրք-մեսխեթցիներ, մահմեդական աջարացիների, շինարարների անվան տակ ադրբեջանցիներ ու թուրքեր բնակեցնելով (Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարությամբ հիմնականում զբաղվում են ադրբեջանցիները, շուտով ՀԷԿ-րի կառուցման ծրագրեր են կյանքի կոչվելու), ինչի հետևանքով ՀՀ-ի հյուսիսային սահմանների երկայնքով՝ Աջարիայից, դեմոգրաֆիկ դեմքի փոփոխությունից հետո Ջավախքով մինչև ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլի ձգվելու է թյուրքական-մահմեդական առանցքը, այսինքն՝ ՀՀ-ի հյուսիսային՝ դե-յուրե, հայ-վրացական սահմանը՝ դե-ֆակտո, վերածվելու է հայ-ադրբեջանա-թուրքական սահմանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել