Այսօր, նոյեմբերի 11-ին, Փարիզում հանդսավորությամբ նշվում է Առաջին համաշխարհային պատերազմում կնքված զինադադարի 100-ամյակը, իսկ պատերազմին մասնակից երկրների ղեկավարները մոտ մեկ դար անց կմասնակցեն նաև խորհրդանշական «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին:
Փարիզի հաշտության միջազգային համաժողովը տեղի էր ունեցել 1919 թվականի հունվարից՝ մինչև 1920-ի հունվարը։ Համաժողովը հրավիրել էին Առաջին աշխարհամարտում հաղթած պետությունները՝ պարտված պետությունների հետ հաշտության պայմանագիր մշակելու և ստորագրելու նպատակով։ Համաժողովի անցկացման առիթով Փարիզում տպագրվեց «Նահատակ ազգեր» («Les Nations martyres») մեծ ճանաչում ստացած փոստային բացիկների շարքը: Բացիկների պատկերներում խորհրդանշական ձևով տրված էին այն եվրոպական երկրներն ու ազգերը, որոնք բոլորից շատ էին տուժել աշխարհամարտում: Բելգիայի, Սերբիայի և Լեհաստանի հետ մեկտեղ ներկայացված էր նաև Հայաստանը՝ փրկված մոր և մանկան ազդեցիկ պատկերով: Նկարների հեղինակն էր ռուս նկարիչ Սերգեյ Սոլոմկոն, ով 1910-ից ապրում և ստեղծագործում էր Փարիզում:
Այդ պատկերների գեղարվեստական գաղափարը առաջացել էր 1916 թվականի ապրիլի 9-ի Սորբոնի համալսարանում Անատոլ Ֆրանսի հայտնի ելույթից, որտեղ ֆրանսիացի մեծ գրողն ասել էր հետևյալը. «Հայաստանն անպայման վերածնվելու է: Արյան այն փոքր քանակությունը, որը նա դեռևս պահպանում է, թանկագին արյուն է, որից հերոսական սերունդ է ծնունդ առնելու։ Ժողովուրդ, որը մեռնել չի ուզում՝ չի մեռնի երբեք։ Ազատության և արդարության համար պայքարող մեր բանակների հաղթարշավներից հետո՝ Անտանտի երկրների կառավարությունները դեռ շատ պարտականություններ ունեն իրականացնելու, իսկ ամենագլխավորը՝ դա այս պատերազմում նահատակ ազգերի բնականոն կյանքի վերականգնումն է, որոնց թվում են, Հայաստանի հետ մեկտեղ, նաև՝ Բելգիան և Սերբիան: Այդպիսով՝ նրանք (Անտանտի երկրների կառավարությունները) պետք է ապահովեն Հայաստանի անվտանգությունն ու անկախությունը, և այդժամ, խոնարհվելով Հայաստանի առջև, նրանք կասեն. «Կանգնիր, քույր իմ, դու այլևս երբեք չես տանջվելու և ազատ ես արդեն ապրել այնպես, ինչպես որ կթելադրի քո բանականությունն ու հավատքը»։