ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին Նյու Յորքում անվանել է چوپان دروغگو [čupān-e doruγgu] «ստախոս հովիվ»։ Մի կողմ թողնելով հարցի դիվանագիտական և քաղաքական էությունը՝ փորձեմ անդրադառնալ բուն արտահայտությանը։
Բանն այն է, որ պարսկերենում կա մի հայտնի հեքիաթ հենց նման վերնագրով, որտեղ մի հովիվ է լինում, որն ամեն անգամ սուտ է խոսում։ Ի վերջո բանը հասնում է նրան, որ ոչ մեկ այլևս չի հավատում հովվի ոչ մի խոսքին։ Մի օր էլ գայլերը հարձակվում են հոտի վրա, հովիվն օգնություն է կանչում, բայց ոչ ոք նրան այլևս չի հավատում և չի արձագանքում նրա կոչին։ Արդյունքում ողջ հոտը կոտորվում է։
Հիմա, ասում եմ, երբ Բ․ Նեթանյահուին թարգմանեն Մ․Ջ․ Զարիֆի ասածը, հեքիա՞թն էլ են թարգմանելու ամբողջությամբ, թե՞ ուղղակի ասելու են․ «Շե՛ֆ, խաբա՞ր ես, էն Զարիֆը քեզ չոբան է ասել»։