Օրեր առաջ շնորհավորեցի իմ կոլեգաներին և ընկերներին նախարարի գլխավոր խորհրդատու նշանակվելու կապակցությամբ:
Սակայն ունեմ մի քանի նկատառում, որոնցով կկիսվեմ ձեզ հետ:
Նախ՝ անհասկանալի էր 76 գլխավոր մասնագետից 45-ին թողնելը: Արդյո՞ք մեր երկրում չկա մնացած մասնագիտությունների զարգացման կարիքը: Մասնավորապես, զարմացած եմ իմունոլոգի/ալերգոլոգի, գենետիկի, էպիդեմիոլոգի բացակայության փաստով: Համաշխարհային պրակտիկայում մեծ քայլերով զարգանում է իմունոլոգիան, որը շատ հիվանդությունների կանխարգելման և բարձրորակ բուժման գրավականն է, զարգանում է բժշկական գենետիկան, որը շատ հիվանդությունների հիմքն է, էլ չեմ ասում, որ գլխավոր էպիդեմիոլոգը հանդիսանում է անհրաժեշտություն մեր երկրի համար, քանի որ մեր երկրուն շատ էնդեմիկ օջախներ կան, և «պատվաստումային» հիստերիայի հիմնավորումը և անհրաժեշտությունը պետք է որոշվի հենց էպիդեմիոլոգների կողմից: Կարծում եմ, որ այդ մասնագետների խորհրդատվությունն անհրաժեշտ է նախարարին, և այդ ուղղությունների զարգացումն անհրաժեշտ է մեր երկրին:
Տարօրինակ է նաև բիզնեսի ներկայացուցիչների` տերերի և փայատերերի ներգրավումն այդ աշխատանքում, քանի որ շատ դեպքերում մենք ունենալու ենք որոշումներ, որոնք դրդված են անձնական շահերից:
Որակումը, որ ներգրավված անձինք, ովքեր «ավելի պրոֆեսիոնալ» են, չի հանդիսանում էթիկական և ճիշտ, քանի որ մեր համակարգում տարիների աշխատանքային փորձն անգնահատելի է, և անկախ միջազգային կապերից և գիտական կոչումներից` բժշկությունը և առողջապահությունը սիրում են փորձառուներին և գոնե 35 տարեկանի շեմը (որից 10 տարին համակարգին է նվիրված՝ անկախ գիտական աստիճանից) պետք է պահպանվեր: Հիշենք, որ ծանր դեպքերի պարագայում մեզ բոլորիս անհրաժեշտ է լինում ավագ և փորձառու կոլեգայի խորհուրդ և օգնություն: Չի կարելի դա ուրանալ:
Ամեն դեպքում որոշ նշանակումների հետ համաձայն եմ, իսկ մի քանիսին` կտրականապես դեմ:
#էթիկայի_նախարարություն #սուբորդինացիա