Քանի որ կրկին սեպտեմբեր է, ու ես էլ պատրաստվում եմ վերսկսել իմ դասավանդումը համալսարանում, նորից հիշեցի մի ցավոտ խնդիր մեր կրթական համակարգում...
Առ այսօր դեռ շատ դասախոսներ համալսարաններում ոչ թե դասավանդում են, այլ թելադրություն են տալիս, ինչից մի բնական հարց է բխում. ի՞նչ տարբերություն դասախոսի և ցանկացած տառաճանաչ մարդու միջև, ով նույնպես կարող է բարձրաձայն կարդալ իր առջևի անգամ խունացած թղթերը:
Թելադրող դասախոսից տպավորություն է ստեղծվում, որ նա չի տիրապետում իր առարկային և դասավանդման գոնե պարզ մեթոդաբանությանը, ինչի պատճառով իր չիմացությունը հեշտորեն սքողում է իր կարգավիճակի և թելադրության վարագույրի հետևում: Բացի դրանից՝ դասաժամը վատնվում է անպետք մի գործողության վրա, որի փոխարեն դասախոսը կարող է լեկցիայի ընդհանուր պատկերը տալ և կոնկրետ գիտելիքներ ու հմտություններ սովորեցնել ուսանողներին, իսկ լեկցիան ու հարակից նյութերը տրամադրել ուսանողներին՝ տանը ծանոթանալու նպատակով:
Հատկապես արդի դարում, երբ բազմապիսի գրականությամբ լեցուն է համացանցը, աբսուրդ է ոչ միայն թելադրությունը, այլ նաև սեփական լեկցիայով ուսանողներին «բավարարելը»:
Կարծում եմ՝ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների կրթության նախարարությունները և համալսարանները պետք է կոշտ ձևով արգելեն լեկցիայի թելադրությունը՝ դրան զուգահեռ դասախոսներին սովորեցնելով դասավանդման արդյունավետ մեթոդներ: Համոզված եմ, որ նույնիսկ թելադրող դասախոսների զգալի մասը մասնագիտական առումով ընդհանուր առմամբ պատրաստ է նման անցման, պարզապես պետք է հեշտ տարբերակից (թելադրությունից) կտրել, և նրանք խթան կունենան իրենց վրա աշխատելու և ավելի արդյունավետ մեթոդներ կիրառելու: Իսկ դասախոսներից ովքեր չկարողանան առանց թելադրության դասավանդել, ուրեմն՝ պետք է հեռացվեն կրթական համակարգից, դա իրենց տեղը չէ:
Ի դեպ, մի քանի երկրում կրթություն եմ ստացել կամ հետազոտություն կատարել (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Շվեյցարիա, Հունաստան, Չեխիա), և ոչ մի տեղ լեկցիայի թելադրության չեմ հանդիպել, փոխարենը դասախոսները բանավոր ներկայացնում են իրենց լեկցիան, իսկ ուսանողներն ակտիվ նշումներ են կատարում, հարցադրումներով հանդես գալիս, իրենց գործնական աշխատանքները ներկայացնում, կարծիքներ հայտնում ու բանավիճում դասախոսների հետ:
ՀԳ. Այս երևույթի մեղավորներից են նաև ծույլ ուսանողները, որոնց համար «ձեռնտու» է լեկցիա գրելը և դրանով բավարարվելը, արդյունքում դասախոսն ու ուսանողը կրթության իմիտացիա են կատարում, ուրիշ ոչինչ, իսկ տուժողը ողջ հասարակությունն է՝ տվյալ ուսանողների գլխավորությամբ: Այնպես որ, եթե ուսանողներն իրոք ցանկանում են կրթություն ստանալ, պետք է իրենք պահանջեն դասախոսներից ու պատկան մարմիններից դադարեցնել թելադրությունը և որակյալ կրթություն տրամադրել:
ՈՒրախ կլինեի ներկա ու նախկին դասախոսների ու ուսանողների կարծիքները լսել այս խնդրի առթիվ: