Այսպես ասեմ՝ իմ սերունդը, 88-ից սկսած, բառացիորեն ամեն ինչ տեսել է՝ բազմահազարանոց ցույցեր, ահռելի իմպերիայի տապալում, անկախության հռչակում, փախստականներ, պատերազմ, զոհված ընկերներ, մութ ու ծանր տարիներ, մեծ արտագաղթ, երկրի անխնա թալան, բողոքի ցույցեր, ծեծ ու ջարդ և այլն: Կարծում եմ՝ այս ամենից հետո իմ սերունդը, թերևս, ավելի պրագմատիկ պետք է լինի, քան այն հրաշալի երիտասարդությունը, որն իրականացրեց իր թավշյա հեղափոխությունը:
Հիմա փորձեմ ներկայացնել, թե ի՞նչ պետք է վերջապես առաջնահերթ կարգով ասվի և արվի օգոստոսի 17-ի հանրահավաքին: Եվ այսպես՝ Հայաստանում թավշյա հեղափոխությանը սպառնացող ներքին և արտաքին մարտահրավերներից ելնելով՝ հեղափոխության առաջնորդը պետք է ներկայացնի հստակ ձևակերպված հետագա գործողությունների կարճաժամկետ ճանապարհային քարտեզ, որտեղ պարտադիր պետք է ներառված լինեն այս 3 հիմնական կետերը.
1) Պաշտոնապես հայտարարել կեղծիքներով ընտրված, ոչ լեգիտիմ, ներկա քաղաքական պատկերը բացարձակ չարտացոլող և հեղափոխության համար մեծ վտանգներ ներկայացնող Ազգային ժողովի լուծարման գործընթացը անհապաղ սկսելու մասին,
2) Ազգային ժողովի ընտրությունների ժամկետ նշանակել առավելագույնը մինջև այս տարվա հոկտեմբեր ամսվա վերջը,
3) Թավշյա հեղափոխության առաջնորդը և իր քաղաքական ուժը ընտրություններին պետք է գնան ոչ թե առանձին, այլ նոր լայն կոալիցիա կազմած համապատասխան ժողովրդավարական ուժերի հետ միասին: