ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչներ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, չտառապելով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք հանդիսացող հիվանդությամբ, ձեռք են բերել փաստաթղթեր, որոնք օգտագործելով ազատվել են ժամկետային զինվորական ծառայությունից:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Ստացված տեղեկություններն իրացնելիս, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Սյունիքի մարզային վարչությունների, Գորիսի բաժնի ծառայողների համատեղ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիներ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները 16 տարեկան հասակում անցել են համապատասխան կցագրում և ժամկետային զինծառայության համար ճանաչվել պիտանի, որից հետո նրանց առողջական վիճակի հետազոտման ակտերով ճանաչվել են հիվանդներ, ինչի արդյունքում ստացել են տարկետումներ և ՀՀ զինապարտության մասին օրենքի 15-2 կետով հաշվառվել են պահեստազորում:
Բացի այդ պարզվել է, որ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները չտառապելով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք հանդիսացող հիվանդությամբ, ձեռք են բերել փաստաթղթեր, որոնք օգտագործելով ազատվել են ժամկետային զինվորական ծառայությունից:
Պարզվել է նաև, որ Տիգրան Խաչատրյանը, սովորելով Գորիսի թիվ 1 ավագ դպրոցում, 2007թ. տեղափոխվել է Գորիսի վարժարան՝ ուսումը շարունակելու /ներկայիս թիվ 4 ավագ դպրոց/, իսկ Տրդատ Խաչատրյանն այնտեղից նույն վարժարան է տեղափոխվել 2008թ.: Տրդատ Խաչատրյանը 2009թ. կրկին վերադարձել և ուսումը շարունակել է Գորիսի թիվ 1 ավագ դպրոցում, սակայն 19.03.2012թ. 10-րդ դասարանից տեղափոխվել է Սոչի՝ հետագա ուսում ստանալու նպատակով, իսկ Տիգրան Խաչատրյանը վարժարանից ազատվել է 10.09.2010թ.:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստաթղթերով հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցի նախկին տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2010թ. սեպտեմբեր ամսին, Սյունիքի մարզի նախկին մարզպետ` Սուրիկ Խաչատրյանի հանձնարարությամբ, պաշտոնեական կեղծիք կատարելով, վերջինիս որդուն` Տիգրան Խաչատրյանին 2010թ. ընդունել է նույն դպրոցի 11-րդ դասարան, որից հետո նույն ուսումնական տարում նրան տվել է ատեստատ, ինչը նպատակ է հետապնդել սահմանված ժամկետից շուտ միջնակարգ կրթությունն ավարտելուն և ատեստատ ձեռք բերելուն, այն դեպքում, երբ մինչև 2010թ. սեպտեմբերի 10-ը Տ.Խաչատրյանը սովորելիս է եղել Գորիս քաղաքի թիվ 4 ավագ դպրոցի 10-րդ դասարանում:
Տ. Խաչատրյանի անվամբ տրված ատեստատը վերջինս օգտագործելով, 2010թ. նոյեմբերի 8-ին ընդունվել է Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետի հեռակա, այնուհետև իր դիմումի համաձայն, 2011թ. տեղափոխվել է առկա ուսուցման համակարգ և 2012թ. մարտի 1-ին ընտրվել է նույն համալսարանի ուսխորհրդի նախագահ, իսկ 16.12.2013թ., իր դիմումի համաձայն, ազատվել համալսարանից: 2016թ. սեպտեմբերի 13-ին կրկին Տ.Խաչատրյանն իր դիմումի համաձայն վերականգնվել է նույն համալսարանի 4-րդ կուրսում, ինչի համար, սահմանված կարգի համաձայն, հիմք է հանդիսացել նաև նրա կողմից ներկայացված ատեստատը:
Նախապատրաստված նյութերը 18.07.2018թ. ուղարկվել են ՀՀ զինվորական կենտրոնական դատախազություն, որտեղ նույն օրը, նշված փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին, 325-րդ հոդվածի 1-ին, 327-րդ հոդվածի 2-րդ, 32-րդ հոդվածի 2-րդ, 315-րդ հոդվածի 1-ին և 315-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ներկայումս քրեական գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում: