Henaran.am-ը գրում է.
Այն, ինչ կատարվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ եւ Վեհափառի դեմ, անընդունելի եւ անթույլատրելի է։
Henaran.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամների գործողություններիին։
«Սա ոչ միայն հոգեւոր, այլ նաև ազգային անվտանգության խնդիր է։ Եկեղեցին այն եզակի կառույցն է, որը դարերի ընթացքում ունեցել է մեծ հեղինակություն եւ պետականության բացակայության պայմաններում հանդիսացել է հայ ժողովրդի միասնության ու համախմբման ինստիտուտը» – ասաց Շարմազանովը։ Նրա խոսքով, զարգացումները, որին ականատես ենք լինում, լրջորեն վտանգում են մեր ազգային ու հոգևոր արժեքները։ Շարմազանովը չի բացառում, որ այդ նախաձեռնության տակ աղանդավորական կազմակերպությունների կամ միջազգային կառույցների ականջներ լինեն։
«Սա ոչ միայն Վեհափառի, այլև մեր հոգևոր անվտանգությանն դեմ է ուղղված եւ դա մտահոգիչ է։ Ի վերջո, եթե հոգեւոր առումով նայենք, եկեղեցու գլուխը Քրիստոսն է, ոչ թե Վեհափառը, որը Քրիստոսի սպասավորն է, եւ այս առումով, երկրի վրա դրախտ փնտրողները մոլորության մեջ են, երկրի վրա իդեալական մարդիկ չկան» – մեզ հետ զրույցում շարունակեց Շարմազանովը։ Նա չի բացառում, որ նախաձեռնության մեջ ազնիվ մղումով մարդիկ էլ կան, որոնց սակայն, փորձ է արվում մոլորեցնել։
Շարմազանովի համոզմամբ, ոչ միայն իշխանությունը, այլ նաև հասարակությունը պետք է զգոն լինեն։
«Իշխանությունն այս հարցում պետք է խիստ դիրքորոշում ունենա։ Վեհարանի վրա հարձակումը, այնտեղ սադրիչ գործողությունները, Գնդեվանքում կաթողիկոսի վրա հարձակումը անթույլատրելի են։ Եթե որեւէ աղանդավորական շարժման գրասենյակ հանկարծ ինչ-որ մեկը ներխուժեր, կամ անգամ փորձ աներ թթու խոսք ասել որեւէ սեռական փոքրամասնության ներկայացուցչի, բոլոր իրավապաշտպան կազմակերպությունները վայնասուն կբարձրացնեին, բայց որտեղ են հիմա մարդու իրավունքների այդ ջատագովները, բա 1700-ամյա հոգեւոր կառույցի հայրապետի ու Սուրբ Էջմիածնի նկատմամբ գործունեություններ են կատարվում», – նկատեց Շարմազանովը եւ հավելեց, որ անթույլատրելի է տեսակետը, թե պետությունն այստեղ անելիք չունի։