Վերջին շաբաթներին Ադրբեջանը փորձեր է ձեռնարկում սրելու իրադրությունը Հայաստանի և Նախիջևանի սահմանագլխին, մասնավորապես՝ Արենի գյուղի հարակից հատվածում: Այդ առումով միանգամայն ճիշտ են հայաստանյան այն փորձագետների շեշտադրումները, որ ժամանակն է, որ հայկական կողմը համաշխարհային լայն հանրությանը փաստարկված կերպով ներկայացնի Նախիջևանի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելու հիմնահարցի իրական պատմությունը:
Ներկայացվող քարտեզում Ռուսական կայսրության մաս հանդիսացող Երևանի նահանգն է՝ իր գավառներով: Երբ 1828-ին Արևելյան Հայաստանը ներառվեց Ռուսական կայսրության կազմի մեջ՝ այդ ժամանակ ստեղծվեց առանձին ազգային վարչական միավոր, որն անվանակոչվեց Հայկական մարզ, և Նախիջևանը, բնականաբար, նույնպես ընդգրկվեց Հայկական մարզի կազմում: 1849-ից այդ նույն տարածքի վրա ձևավորվում է արդեն Երևանի նահանգը՝ իր յոթ գավառներով, որը գոյատևեց մինչև 1917-ի հոկտեմբերյան հեղաշրջումը:
Այնուհետև Նախիջևանի երկրամասն արդեն անկախ Հայաստանի կազմում էր: 1920-ի հունվարի 19-ին Անտանտի դաշինքի երկրների Գերագույն խորհուրդը (ներկայիս Եվրամիության նախատիպը) պաշտոնապես ճանաչեց Հայաստանի առաջին հանրապետության անկախությունն իր գերակայության տակ գտնվող տարածքներում: Հայաստանի պետական սահմաններն այդ պահին և՛ դե ֆակտո, և՛ դե յուրե ընդգրկում էին նախկին Ռուսական կայսրության Երևանի նահանգի (ներառյալ Նախիջևանի, Շարուր-Դարալյագյազի և Սուրմալու-Իգդիրի գավառները) և Կարսի մարզի վարչական սահմաններն ամբողջությամբ՝ շուրջ 60 հազար քառակուսի կիլոմետր:
1920-ի աշնանը բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի մերձեցման արդյունքում անկախ Հայաստանի ողջ տարածքը ռազմակալվեց և մասնատվեց այդ երկու կողմերի ազդեցությունների գոտիների: 1921-ի մարտին կնքված Մոսկվայի ռուս-թուրքական բարեկամության պայմանագրի հիման վրա Նախիջևանը անսպասելի կերպով հանձնվեց Ադրբեջանի խնամալակությանը: Դա այն դեպքում, երբ 1920-ի դեկտեմբերի 2-ի Հայաստանի Հանրապետության կառավարության և բոլշևիկյան Ռուսաստանի միջև ստորագրված իշխանության փոխանցման համաձայնագրում նախկին Երևանի նահանգն ամբողջությամբ ամրագրվել էր որպես նոր ստեղծվող Սովետական Հայաստանի անձեռնմխելի տարածք:
Հատկանշական է, որ Մոսկվայի պայմանագրի տակ չկա ո՛չ հայկական, ո՛չ էլ ադրբեջանական ներկայացուցիչների ստորագրությունը: Ստացվում է, որ պայմանագրի կողմերը (ռուսական և թուրքական) պայմանագիր են կնքել երրորդ և չորրորդ կողմերի վերաբերյալ, իսկ դա միջազգային իրավունքի պարտադիր և անբեկանելի հիմնադրույթների խախտում է և իրավական առումով այդ պայմանագիրը չի կարող վավեր համարվել։ Միակ փաստաթուղթը, որի տակ ստորագրել է հայկական կողմը, Կարսի պայմանագիրն է, որը ստորագրվել է 1921-ի հոկտեմբերին երկու հայ բոլշևիկների՝ Ասքանազ Մռավյանի և Պողոս Մակինցյանի կողմից: Որքան հայտնի է, Կարսի պայմանագիրը վավերացվել է միայն Սովետական Ռուսաստանի կառավարության կողմից 1922-ի մարտին, այսինքն՝ դա արվել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների փոխարեն, որը նույնպես իրավական առումով բացահայտ խախտում է:
Կարսի պայմանագրի կնքման աշխատանքների ընթացքում թուրքական կողմը փորձել է միջամտել, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվի նաև առանձին համաձայնագիր՝ Նախիջևանի սահմանների վերջնական ճշգրտման առումով: Սակայն հայկական և ադրբեջանական կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որ նմանատիպի համաձայնագիր կստորագրվի հետագայում՝ երկու հանրապետությունների միջև կայանալիք առանձին բանակցությունների ընթացքում: Բայց դա այդպես էլ տեղի չունեցավ, և փաստորեն, Նախիջևանի հարցով սահմանների ճշգրտման պայմանագիր Հայաստանն ու Ադրբեջանը այդպես էլ չկնքեցին:
Այս ամենից հետո, եթե ուշադիր նայենք ներկայացված քարտեզը, ապա հստակ երևում է, որ 1924-ի փետրվարին ձևավորված ներկայիս Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կազմի մեջ է ներառվել նաև Երևանի նահանգի Շարուր-Դարալյագյազ գավառի հարավային հատվածը՝ Շարուրի շրջանը, որի շնորհիվ էլ հետագա տարիներին Թուրքիան կարողացավ Իրանի հետ հողատարածք փոխանակել և սահմանակից դառնալ Նախիջևանին: