Հետևելով իրանական մամուլում հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ արձագանքներին՝ կարող ենք առանձնացնել և ֆիքսել մի քանի կետեր, որոնց, ըստ իս, կարևոր են հետագա քայլերը հաշվարկելու համար․
1. Իրանական լրատվական դաշտը ոչ միանշանակ է անդրադարձել նախիջևանյան իրադարձություններին։ Հրապարակումներում հստակորեն առանձնանում և երևում է իրանական տարբեր քաղաքական թևերի և ուղղությունների մոտեցումն այս հարցին։ Այսպես․
ա. Պետական-պաշտոնական լրատվականները բավականին զուսպ են անդրադարձել և հիմնականում ներկայացրել են ադրբեջանական պաշտոնական տեղեկատվությունը՝ վերնագրային կամ ենթատեքստային շեշտադրումններով նշելով, որ տեղի ունեցածը Նախիջևանի որոշակի հատվածի վերաբերյալ ԱՀ ԶՈՒ-երի կողմից «վերահսկողության» սահմանում է։
բ. Պահպանողականների թևն, ի դեմս ԻՀՊԿ-ի և նրա ազդեցության տակ գործող ԶԼՄ-ների, Նախիջանում տեղի ունեցածը ներկայացնում է որպես ԱՀ կողմից հողերի «զավթում» կամ «բռնագրավում»։
գ․ Իրանի ներսում գտնվող, սակայն ադրբեջանական կամ մերձադրբեջանական աղբյուրներից սնվող լրատվականներն էլ տեղի ունեցածը ներկայացրել են որպես «հայկական օկուպացիոն ուժերից տարածքների ազատագրում»։
2. Ինչ տիպի անդրադարձ էլ լինի, մի բան ակնհայտ է. Իրանում անհանգստացած են Նախիջևանի շուրջ տեղի ունեցող դեպքերից և ուշի-ուշով հետևում են այնտեղ ընթացող ամենաչնչին զարգացումներին։ Եվ դա բնական է, քանի որ Նախիջևանն իր դիրքով և ունեցած հնարավորություններով Իրանի համար մշտապես եղել է ռազմավարական կարևորութուն ներկայացնող տարածք՝ մանավանդ, եթե հաշվի առնենք Թուրքիայի ազդեցությունն այնտեղ և Իրանի հարաբերություններն ու մոտեցումները Թուրքիայի հանդեպ։
3. Այս հարցում, կարծում եմ, հայ-իրանական շահերը, առավել քան երբևէ, համընկնում են և պետք է Իրանի հետ ակտիվորեն համագործակցել նախիջևանյան հատվածում հաջողություն գրանցելու համար։