«Նվիրիր կյանքի» հոգաբարձուների խորհրդի անդամները եկել են, որ ասեն` բարի եղեք ու բարեգործությունը մի քաղաքականացրեք: «Նվիրիր կյանքին» վերաբերող ցանկացած արտահայտության, հայտարարության հետևում երեխաների ճակատագրեր են:
Քաղցկեղով հիվանդ երեխաների ընտանիքները խուճապի էին մատնվել, երբ խոսակցություններ էին լսել, որ «Նվիրիր կյանքը» փակվում է: Հիմնադրամի տնօրենը շեշտում է` այդպիսի լուրեր կարող են տարածել միայն նրանք, ովքեր առհասարակ տեղյակ չեն «Նվիրիր կյանքից»: Վերժինե Ոսկանյանը պատմեց` ինչպես է 10 տարի առաջ ստեղծվել հիմնադրամը, ում նախաձեռնությամբ, երբ է դրան միացել առաջին տիկինը, և վերջապես, ինչպես է հավաքվում երեխաների բուժման գումարը:
Հիմա՝ այն մասին, թե ինչ կա իրականում: Քաղաքական իրադարձություններից հետո հոգաբարձուների խորհուրդը հայտարարել էր ոչ թե փակվելու, այլ գործունեությունը մեկ-երկու ամսով սառեցնելու մասին: Այդ ընթացքում հիմնադրամում նոր ռազմավարություն էին մշակում` ինչպես ապահովել անհրաժեշտ գումարն առանց հոգաբարձուների խորհրդի նախագահի: Մինչև հիմա Ռիտա Սարգսյանն էր երկու տարին մեկ առանձին-առանձին նամակ գրում հազար խոշոր հարկատուներին, որոնք ապահովում էին ընդհանուր գումարի 30 տոկոսը:
«Նվիրիր կյանքի» հոգաբարձուների խորհրդի անդամները որոշել են խորհրդի ղեկավար չունենալ: Դիմելու են Ռիտա Սարգսյանին, որ մնա խորհրդում: Անկախ նրա որոշումից՝ հիմնադրամը գործունեությունը ոչ մի օր չի դադարեցնի: