Իրանի համար կա, թերևս, երկու ճանապարհ, որոնց մասին խոսեց երեկ ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին ուղիղ եթերով անմիջապես Թրամփի հայտարարությունից հետո.
ա) շարունակել հավատարիմ մնալ միջուկային համաձայնագրին դեռ այնքան ժամանակ, քանի դեռ այն ի զորու կլինի ապահովել Իրանի ազգային շահերը, իսկ ավելի պարզ՝ դրա տակ ստորագրած մնացած պետությունները հավատարիմ կմնան այդ համաձայնագրին և դրա տառին։
բ) դուրս գալ համաձայնագրից և վերսկսել արդյունաբերական նպատակներով ուրանի հարստացումն այն պահից սկսած, երբ միջուկային համաձայնությունը կդադարի ապահովել Իրանի ազգային շահերը, ավելի պարզ՝ մինչև համաձայնագրի ստորագրումը Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների վերհաստատման դեպքում եվրոպական երկրների դրան միանալը։
Ամեն դեպքում Իրանի նախագահը երեկ հայտարարեց, որ Թրամփի որոշումը պայմանավորված է նրա՝ Իրանի դեմ հոգեբանական պատերազմ սկսելու և այդ երկրի դեմ տնտեսական ճնշումներ բանեցնելու ցանկությամբ։
Ստորև կդնեմ Ռուհանիի երեկվա ելույթի՝ ըստ մեզ ամենաառանցքային հատվածի թարգմանությունը.
«Մենք չենք թողնելու, որ Իրանի դեմ հոգեբանական պատերազմում և տնտեսական ճնշումներում Թրամփը հաջողության հասնի։
Ես հանձնարարել եմ Ատոմային էներգայի կազմակերպությանը, որ նախապատրաստվեն անհրաժեշտության դեպքում ուրանի արդյունաբերական նպատակներով հարստացումն առանց որևէ սահմանափակման վերսկսելուն։ Մենք մինչև այս որոշման իրականացումը մի քանի շաբաթ կսպասենք։ Խորհրդակցություններ կունենանք մեր ընկերների, դաշնակցների հետ, նաև այն երկրների հետ, որոնք ստորագրել են միջուկային համաձայնագրի տակ և հավատարիմ են մնալու դրան։
Ամեն ինչ պայմանավորված է մեր ազգային շահերով։ Եթե միջուկային համաձայնագիրն ապահովի մեր ազգային շահերը, մենք կշարունակենք գործընթացը, իսկ այն պարագայում, եթե միջուկային հանաձայնագիրը լինելու է ընդամենը մի թուղթ, որը չի երաշխավորի մեր ազգային շահերը, ապա մենք շատ պարզ ճանապարհ ունենք այդ դեպքում մեր առաջ։ Ես վստահեցնում եմ մեր ժողովրդին, որ կառավարությունը դեռ ամիսներ առաջ անհրաժեշտ ծրագիր է կազմել հնարավոր բոլոր իրավիճակների համար, և մենք նվազագույն խնդիրներ անգամ չենք ունենալու»։