Ամերիկյան և իսրայելական կողմերը պնդում են, որ Իրանը շարունակում է իրացնել ուրանի հարստացման ծրագրերը և ականջալուր չի լինում միջուկային համաձայնությանը, այլ ընդհակառակը՝ այդ համաձայնագրի տակ քողարկել է իրական նպատակները և, փաստորեն, օգտագործել է այն սեփական միջուկային զենքի ստեղծման ծրագրերն առաջ տանելու համար։
Ռուսաստանը և ԵՄ-ն այս հարցում միասնական են և հանդես են գալիս գրեթե նույն դիրքերից՝ պնդելով, որ Իրանը մինչ այժմ պարտաճանաչորեն կատարել է համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները և միջուկային ծրագիրը վերանայելու իմաստ չկա։
Իրանական կողմն էլ պնդում է, որ համաձայնագրի ստորագրման օրվանից ի վեր հստակ ու թափանցիկ քայլերով կատարել է իր պարտականությունները, այնինչ ԱՄՆ-ը վերջին շրջանում, ագրեսիվ հռետորաբանությանը զուգահեռ, օգտագործելով ձեռքի տակ եղած ողջ գործիքակազմը, փորձում է եվրոպական երկրներին համոզել միասնական տեսակետով հանդես գալ Իրանի դեմ, ինչը, սակայն, չի ստացվում։
Կարող ենք փատել, որ իրանական կողմը, կատարելով ճիշտ, հետևողական և հաշվարկված քայլեր, կարողացել է միջուկային համաձայնության հարցում հակասություն մտցնել Արևմուտքի տեսակետում և այս համատեքստում մենք այլևս չունենք ավանդականորեն ընդունված, այսպես ասած, «միասնական Արևմուտքի» կարծիք։
Այն, որ միջուկային ծրագիրն Իրանի համար կարևորագույն փաստաթուղթ է, իրանական ներկա իշխանությունները չեն էլ թաքցնում և համարում են իրենց լրջագույն ձեռքբերումն ու հնարավոր ամեն ինչ անում են այն պահպանելու և հետագայում շարունակելու համար։
Սակայն ներկայումս իսրայելական իշխանությունները պնդում են, որ իրենց ձեռքի տակ ունեն համապատասխան փաստաթղթեր, որոնցով կարող են ապացուցել, որ Իրանը համաձայնագրի կնքումից հետո ձեռքերը ծալած չի նստել և զբաղվել է ուրանի հարստացմամբ։ Բնականաբար, Իսրայելն էլ պետք է քայլեր կատարի տարածաշրջանում իր անվտանգությունն ապահովելու համար։
Կեղծ են այդ փաստաթղթերը, թե ոչ, այս դեպքում դա այդքան էլ էական չէ, բայց որ այս ամենն էլ ավելի է սրելու առանց այն էլ գերլարված մերձավորարևելյան տարածաշրջանը, միանշանակ է։