Ներկայացնենք 1914 թվականի նոյեմբերի սկզբին Մոսկվայում տպագրված մի ուշագրավ ռուսական քարոզչական պաստառ: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ բառացիորեն օրեր առաջ էր սկսվել ռուս-թուրքական պատերազմը, և ռուսական պաշտոնական քարոզչությունը նաև նմանատիպի ծաղրանկարներով էր ամեն կերպ փորձում ներկայացնել Թուրքիայի մոտալուտ պարտությունն այդ պատերազմում: Պաստառում ներկայացված է «հաղթական» ռուսական բանակի հեծելազորայինը՝ կազակը, ով մտրակով քշում է սարսափահար իրենից փախչող «պարտված» թուրք սուլթանին:
1914-1917 թթ. պատերազմում երկու ախոյանները` Ռուսաստանն ու Թուրքիան, պատերազմելով իրար դեմ՝ միայն իրենց իսկ նվաճողական շահերն էին հետապնդում, և հանուն այդ շահերի պատրաստ էին գնալ ամեն ինչի, իսկ արդյունքում` տուժեց պետականություն չունեցող և իր բնօրրանում ապրող արևմտահայությունը: «Թուրքի վախկոտության և կտրիճի քաջության մասին» վերնագրով այս պաստառի «դրույթները» կորդինալ կերպով փոխվեցին ընդամենը վեց տարի անց՝ 1920 թվականին, երբ մեր տարածաշրջանում համընկան ռուս-թուրքական շահերը՝ Հայաստանի համար ծանր հետևանքներով:
Այսօր արդեն բոլորս ականատես ենք լինում ռուս-թուրքական նոր մերձեցմանը՝ և՛ քաղաքական, և՛ ռազմական ոլորտներում, և այդ երկու երկրների հարաբերություններում արդեն բացարձակապես մոռացված է այն թշնամանքը, որն առաջացավ, երբ Թուրքիայի կողմից հովանավորվող գրոհայինները խոցեցին ռուսական ինքնաթիռը: Այս ամենը մեկ անգամ ևս գալիս է ապացուցելու այն հայտնի իրողությունը, որ քաղաքականության մեջ չկան հավերժական դաշնակիցներ կամ թշնամիներ, այլ կան միայն մշտական շահեր: