Լրագրողների աչքից չէր վրիպել, որ ՕԵԿ ապրիլի 7-ի հանրահավաքի ժամանակ (հենց ժամանակ, ոչ թե` հետո), Արթուր Բաղդասարյանի «պայծառափայլ դեմով արժևորված» պլակատները հայտնվել էին Ազատության հրապարակի աղբարկղներում: Բազմաթիվ քննադատական դիտողություններին ու այդ թեմայով սարկազմով լի հումորներին ՕԵԿ-ի ջահակիր Հեղինե Բիշարյանը շատ խղճահարույց արդարացում էր գտել, իբր այդ պլակատները մեկ անգամյա օգտագործման էին, դրա համար էլ հայտնվել էին աղբարկղում: Միանգամայն համաձայն ենք տիկին Բիշարյանի հետ, ով իր անկեղծությամբ վերջին շրջանում պարզապես հաճելիորեն զարմացնում է մեզ: Բայց պետք է լիովին անկեղծ լինել ու հայտարարել, որ ոչ միայն ՕԵԿ-ի պլակատներն են միանգամյա օգտագործման, այլև հենց ՕԵԿ-ն էր մի անգամյա օտագործման: Որ նրան արդեն 2008թ. նախագահական ընտրություններից հետո լավ էլ օգտագործել են, և հիմա հասարակությունը զուտ հիգիենայի տեսանկյունից աղաղակում է, որ, կներեք արտահայտությանս, մի անգամ օգտագործածն այլևս օգտագործման համար պիտանի չէ: Եվ եթե Սերժ Սարգսյանը, իրեն բնորոշ կասկածամտության պատճառով, փորձած «թանն» ընտրեց, ապա դա չի նշանակում, որ հասարակությունը չպետք է մտահոգված լինի իր առողջությամբ ու համաձայնվի, որ ՕԵԿ-ին մի անգամ լվանալուց հետո (ՕԵԿ զինանշանը ընտրություններից առաջ փոխելու միջոցով) նորից օգտագործեն: Այնպես որ ես հավատում եմ իմ ժողովրդի խոհեմությանը ու միանգամայն համոզված եմ, որ առաջիկա ընտրությունները կվերածվեն ՕԵԿ-ին իր պլակատների հետևից աղբարկղ գցելու սանիտարական ակցիայի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել