Մարտի 8-ին Փարիզում բացվեց հայ գրող, հրապարակախոս և իրավապաշտպան Զաբել Եսայանի անունը կրող ճեմուղին: Այդ մասին հաղորդում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան թվիթերյան էջը՝ տեղադրելով լուսանկարներ: Ճեմուղու բացման արարողությանը մասնակցել են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը:
Զաբել Եսայանը ծնվել է 1878-ին Կ.Պոլսի (Ստամբուլ) Սկյուտար թաղամասում: Տեղի Սուրբ Խաչ վարժարանը ավարտելուց հետո սովորել է Փարիզի Սորբոնի համալսարանում: 1911-ին լույս տեսած իր «Ավերակներուն մեջ» աշխատությունում նա վավերագրել է Ադանայում 1909-ի հայերի ջարդերը: 1915-ի ցեղասպանությունից հետո ճամփորդել է Եվրոպայով՝ ամենուրեք բարձրաձայնելով հայերի ջարդերի մասին, զգալի գործ կատարելով ցեղասպանությունից որբացած հայ երեխաների փրկության և հետագայում նրանց կրթության գործընթացն ապահովելու համար: 1919-ին նա որպես թարգմանիչ մասնակցել է Փարիզի հաշտության կոնֆերանսում Հայաստանի Հանրապետության պատվիրակության աշխատանքներին:
1933-ին Զաբել Եսայանը Փարիզից տեղափոխվում և մշտական բնակություն է հաստատում Երևանում, որտեղ սկսում է ղեկավարել Պետական համալսարանի արևմտյան գրականության բաժինը: Զոհ գնալով ստալինյան բռնություններին՝ 1937-ին նա ձերբակալվում է և, ըստ որոշ տվյալների, 1943-ին մահանում է աքսորում: