Պարզվում է՝ Microsoft Word ծրագիրն աշակերտներին հնարավոր է նաև սովորեցնել գրատախտակի վրա՝ պատկերելով ողջ գործընթացը սովորական գունավոր կավիճներով: Հենց այդպես էլ վարվել է Գանայի գյուղերից մեկի ինֆորմատիկայի ուսուցիչ Ռիչարդ Ակոտոն, որից հետո աշակերտները գրատախտակին գրվածը պատճենել են իրենց տետրերում: Դասարանում արված լուսանկարները ուսուցիչը տեղադրեց իր ֆեյսբուքյան էջում, իսկ այդ ամենի պատճառն ընդամենն այն էր, որ աֆրիկական այդ դպրոցում ուղղակի չկան համակարգիչներ:
Լուսանկարներն անտարբեր չթողեցին ոչ մեկին. օգտատերերը նշել են ուսուցչի հնարամտությունը, շատերն էլ իրենց օգնությունն առաջարկեցին: Գանիացի ինֆորմատիկայի ուսուցչի ֆեյսբուքյան գրառմանն արձագանքեց նաև Microsoft ընկերությունը և փետրվարի վերջին համակարգիչ նվիրեց գյուղական դպրոցին: Ռիչարդ Ակոտոն, սակայն, այդքանով դեռևս հարցը լուծված չի համարում, քանի որ ինֆորմատիկայի լիարժեք ուսուցում կազմակերպելու համար գյուղական դպրոցը մոտ հիսուն համակարգչի կարիք ունի։