ԱՀ արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածուներից Հաֆիզ Հաջիևը ծնվել է Հայաստանում՝ Վարդենիսի շրջանի Զոդ գյուղում 1956թ.-ին։
Նա թերևս ամենակերպարայինն է այս ընտրություններում և սեփական հասարակության մեջ հայտնի է «ծաղրածու» կամ, ավելի ճիշտ, հենց «Կլոուն» անվամբ։
1993թ․-ին Սուրաթ Հուսեյնովի տված ցուցմունքների հիման վրա դատապարտվել է և 1996-1999թթ.-ն անցկացրել անազատության մեջ, իսկ բանտից դուրս գալուց հետո մի կարճ շրջան եղել է Ժողովրդական շարժման կազմակերպիչների թվում, ապա 2001թ.-ին հիմնել Ժամանակակից մուսավաթական կուսակցությունը։
Հաջիևն «ամենասիրված» քաղաքական գործիչներից է ադրբեջանցի լրագրողների համար, քանի որ սենսացիոն հայտարարությունների, ապշեցուցիչ զրպարտանքների և զազրախոսության պակաս երբեք չեն զգում հենց Հաջիևի շնորհիվ։
Նա Մուսավաթ կուսակցության նախագահ Իսա Ղամբարին անվանել է իրանական գործակալ, հայտարարել, որ Ալի Քարիմլիի հորեղբոր որդին համալրել է «Իսլամական պետության» զինյալների շարքերը, բացի այդ ԱՀ ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի առնչությամբ ասել է, որ ԱՀ արտաքին քաղաքականությունն անատամ մարդու ձեռքերում է։ Հաֆիզը Բաքվի քաղաքապետին մեղադրել է վահանականների հետ ունեցած կապերի և նրանց հսկայական ֆինանսական աջակցություն տրամադրելու մեջ։
Ինչ վերաբերում է մեզ՝ հայերիս, ապա Արցախի առնչությամբ հայտարարել է, որ եթե ինքն ընտրվի նախագահ, Ադրբեջանի մայրաքաղաքը կտեղափոխի Ստեփանակերտ։
«Ծաղրածուի» երևակայությունը հասել է այնտեղ, որ բազմիցս հայտարարել է Հայաստանում երեխաներ ունենալու մասին, որոնց ժամանակին թողել և հեռացել է Ադրբեջան, և որ իր այդ «երեխաները» պատրաստ են հրամանի դեպքում պայթեցնել Մեծամորի ատոմակայանը։
Վահան Մարտիրոսյանի և նրա ընտանիքի Բաքու մեկնելու ժամանակ, նրա կուսակցական շտաբի ոմն աշխատակցի տրամադրած տեղեկությունների վրա հղվելով, ադրբեջանական որոշ լրատվական կայքեր նյութեր էին տարածել, որ Վահանը Հաֆիզ Հաջիևի որդին է, ավելի ուշ հենց Հաջիևը ո՛չ հաստատել է այդ լուրը և ո՛չ էլ հերքել։
Ըստ Հաֆիզ Հաջիևի հայտարարությունների՝ ԱՀ իշխանական վերնախավի 50%-ը կազմում են հայերը։