Խոջալուն, որը 1995թ. վերանվանվել է Իվանյան, դարեր ի վեր պատմությանը հայտնի էր Խոնջանք անվամբ: Այն եղել է Արցախի հնագույն բնակավայրերից մեկը, որի մասին են վկայում Կարկառ և Գայլբեկ գետերի միջև տարածվող ուշ բրոնզե և վաղ երկաթե դարաշրջանների դամբարանադաշտում կատարված պեղումների արդյունքում հայտնաբերված դամբարանաբլուրները: Բացի այդ՝ գյուղում և նրա շրջակայքում պահպանվել են նաև վաղ միջնադարի եկեղեցու, գյուղատեղիների մնացորդներ, խաչքարերով գերեզմանների հետքեր: Կան վկայություններ, որ գյուղի մերձակայքում՝ Սյունիքից դեպի Կուր գետի ձախ ափը տանող մեծ ճանապարհի վրա, հայոց Արտաշես 1-ին աշխարհակալ թագավորը կառուցել է քարավանատեղեր, որտեղից էլ առաջացել է բնակատեղի «Խոնջանք» անվանումը, որը նշանակում է «հանգստի, իջևանի վայր»: Մինչև 19-րդ դարի կեսերը գյուղը հայաբնակ էր: Դրանից հետո աստիճանաբար այստեղ սկսեցին հաստատվել ինչպես թուրքերը, այնպես էլ՝ ռուսները: Հակառակ դրան՝ Ստեփանակերտի՝ ԼՂԻՄ կենտրոն դառնալուց հետո տեղաբնակ հայերը մաս-մաս տեղափոխվեցին մարզկենտրոն: Խոջալուի հայ բնակիչներն իրենց բնիկ տարածքը լրիվությամբ լքեցին 20-րդ դարի 60-ական թվականների վերջերին: