Հիշո՞ւմ եք, դեռ Եվրատեսիլը չսկսված, ասում էի, որ վերջում մի հարամություն անպայման լինելու է, ու այդ հարամության հեղինակն անպայման լինելու է Գոհար Գասպարյանը։ Փաստորեն, ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Երեկ կայացած «Դեպի Եվրատեսիլ» նախագծի առաջին կիսաեզրափակիչն ասածիս վառ ապացույցն էր: Ասեմ ինչպես. 10 մասնակիցներից հեռուստադիտողների և միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի իբրև թե «արդար» քվեարկությամբ եզրափակչի ուղեգիր ստացան Մհեր Արմենիան, Ռոբերտ Քոլոյանը, Գևորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը և «Նեմրան»:
Ես զարմացած եմ ու հիասթափված: Գոհարն այս անգամ էլ ապացուցեց, որ վերջնական թքած ունի հասարակության կարծիքի վրա էլ, պրոֆեսիոնալիզմի վրա էլ, մեր շանսերի վրա էլ, իսկ կարևորն ինքն է ու իր կարծիքը: Եզրափակիչ են անցել մարդիկ, որոնք նույնիսկ ամենաչնչին շանսերը չունեին այնտեղ հայտնվելու համար: Օրինակ՝ հենց մեկը Մհեր Արմենիան: Անամոթաբար արված պլագիատը, ավելի կոնկրետ՝ լեգենդար Queen խմբի «Who wants to live forever» երգի էժան նմանակումը, պարզվեց՝ հավակնում է հնչել եվրատեսիլյան բեմից: Սա էլ դեռ ոչինչ: Գոհարին թվում է, թե բոլորս կույր ենք ու չենք տեսնում կամ չենք հետևում Եվրատեսիլի կայքին ու օնլայն քվեարկությանը, որի արդյունքներով Մհերին ձայն էր տվել մարդկանց 1 տոկոսը միայն:
Ուրեմն՝ ինչպե՞ս ստացվեց, որ հանկարծ մեր վաստակավոր արտիստն այդպես կտրուկ փոխեց դիրքն ու հայտնվեց եզրափակչում, կամ ինչպե՞ս կարող էր մրցույթից դուրս մնալ Թամար Կապրելյանի երգը, երբ այն ակնհայտ ֆավորիտ էր ու այդ նույն կայքում գլխավորում էր վարկանիշային սանդղակը:
Անկեղծ՝ ափսոսում եմ այս աղջկա համար: Ժողովու՛րդ, սթափվե՛ք, մի երկրում, երբ ամեն ինչ որոշում է քվեարկությունը, դժվար չէ հասկանալ, որ այն կեղծված է: Մարդիկ ժամանակին 08 համարի օգտին ուղարկել են sms հաղորդագրությունները, բայց դրանք էլ, պարզվում է, տեղ չեն հասել:
Ակնհայտ է, որ այս բալագանը կազմակերպված է կոնկրետ մարդկանց համար ու կոնկրետ նպատակով: Պատկերացրեք՝ չեմ զարմանա, եթե վերջում պարզվի, որ մեր երկիրը ներկայացնելու է այդ խեղկատակ Կամիլը: Ինչո՞ւ եմ այսպես համարում։ Շատ պարզ է, որ Գոհար Գասպարյանի մաֆիան դրույքը դրել է հենց Կամիլի վրա, ու բնավ պատահական չէ, որ երբ Հանրայինը միացնում ես, Արսեն Գրիգորյանն է՝ Կամիլի ու հենց Արսեն Գրիգորյանի կերպարում։ Սակայն խնդիրը ո՛չ Կամիլն է, ո՛չ Արսեն Գրիգորյանը, ո՛չ Եվրատեսիլը։ Խնդիրն այն է, որ Հայաստանում մի միկրոօլիգարխ է ի հայտ եկել, ով որոշել է, որ ինքը տվյալ մրցույթի ալֆան ու օմեգան է և միայն ու միայն ինքն է որոշելու, թե ինչպես ենք մասնակցելու, ով է ներկայացնելու երկիրը, ու ինչպես հասնել նրան, որ հենց այդպես լինի։ Այս միկրոօլիգարխի անունը Գոհար Գասպարյան է, բայց վաղուց եկել է ժամանակը, որ այս կամելիազարդ տիկնոջն իր տեղը ցույց տան ու հիշեցնեն, որ իր ամբիցիաները բավարարվում են ՀԱՆՐԱՅԻՆ հեռուստաընկերությունում, այսինքն՝ մեր՝ հարկատուներիս հաշվին։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ սրիկայություն է նման բռի կերպով անտեսել հանրային պահանջն ու բեմադրված SMS քվեարկություններով, զոռբայությամբ ու գավառական ճաշակի հաղթարշավով ամեն տարի գնալ Եվրոպա, ֆիասկո ապրել ու վերադառնալ։ Եվրատեսիլում մենք շանս չենք ունենալու հաղթելու այնքան ժամանակ, քանի դեռ Գոհար Գասպարյան անհատը հավաքարարի պաշտոնից ավելի պատասխանատու դիրք է զբաղեցնում կազմակերպչական հարցերում։