Հետաքրքիր է տեղեկանալ, որ 1918-1920 թթ. անկախ Հայաստանի պատմության ընթացքում օդուժի կիրառմամբ մեզ հայտնի առաջին ռազմական գործողությունն արձանագրվել է մեկ դար առաջ, 1918 թվականի դեկտեմբերին՝ հայ-վրացական կարճատև պատերազմի ժամանակ:
Այդ օրերին կատաղի մարտեր էին ընթանում հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող Շուլավեր բնակավայրի համար: Եվ ահա դեկտեմբերի 25-ին վրացական կողմը երկու ինքնաթիռներից ռմբահարում է հայկական դիրքերը Շուլավերի մոտ: Հայտնի է նաև, որ այդ մարտերի ընթացքում հայկական զինուժը նույնպես գործարկել է իր մոտ եղած ֆրանսիական արտադրության «Վուազեն» («Voisin») տիպի ինքնաթիռը՝ մի քանի անգամ ռմբահարելով և գնդակոծելով հակառակորդի դիրքերը:
Նշենք, որ Հայկական բանակի ավիաջոկատը ձևավորվել էր 1918 թվականի օգոստոսին։ Նրա առաջին հրամանատարն է եղել պորուչիկ Վոիպովը, որին 1919-ի սկզբին փոխարինեց Արթուր Ղուլյան-Ռիլսկին։ Սկզբնական շրջանում հայկական միակ ավիաջոկատն ուներ երեք տարբեր մակնիշների ինքնաթիռ՝ «Nieuport», «Morane-Saulnier» և «Voisin»:
Լուսանկարում՝ «Վուազեն» («Voisin») տիպի ֆրանսիական ինքնաթիռի պատկերն է: