Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերին չի բավարարում աշխատանքը միայն շոու բիզնեսում։ Հաճախ նրանք եկամտի կողմնակի աղբյուր են փնտրում և բիզնես հիմնում։ Երբեմն այդ բիզնեսը համապատասխանում է իրենց նախասիրություններին, երբեմն պարզապես լրացուցիչ գումար աշխատելու միջոց է։ Ներկայացնում ենք շոու բիզնեսի top 10 հայուհիներին, ովքեր կայացած ու ինքնավստահ բիզնես լեդիներ են:
Սիրուշո
Սիրուշոն թողարկել է զարդերի «Պռեգոմեշ» հավաքածուն, որը լայն տարածում գտավ երիտասարդ աղջիկների շրջանում։ Երգչուհին իր առջև խնդիր է դրել ցույց տալ, որ ազգային հագուստը կարող է քայլել ժամանակակից նորաձևության հետ: «Պռեգոմեշ» հավաքածուում ընդգրկված են համանուն տեսահոլովակը հիշեցնող հայկական խորհրդանիշներ, որոնք կարելի է համադրել ժամանակակից հագուստի հետ:
Լուսինե և Իրինա Թովմասյաններ
Գեղեցկուհի քույրերն արդեն մի քանի տարի է՝ զբաղվում են ծննդյան տոների, համերգների ու տարաբնույթ միջոցառումների կազմակերպմամբ: Ունեն իրենց սեփական ընկերությունը: Նրանք համոզված են, որ բիզնեսը մեծ պահանջարկ ունի, բացի դրանից՝ անում են մի գործ, որն առնչվում է երեխաների հետ և որից միայն հաճույք են ստանում:
Սոնա Շահգելդյան
Սոնա Շահգելդյանը ևս որոշ ժամանակ առաջ բիզնես սկսեց։ Նա պայուսակների օնլայն վաճառքով է զբաղվում։ «Սոնա Շահգելդյան» ապրանքանիշը ներկաայացնում է փայտե պայուսակների հետաքրքիր ու յուրօրինակ տարբերակներ։ Ի դեպ՝ շեշտեմ, որ մեկ պայուսակից երկրորդը չի պատրաստվում, քանի որ մեկ պայուսակ պատրաստելու համար մոտ երկու ամիս է պահանջվում։ Փոքր պայուսակներն արժեն 40.000 դրամ, իսկ մեծ տարբերակները՝ 50.000 դրամ։
Անահիտ Սիմոնյան
Երգելու հետ մեկտեղ Անահիտը գտել է իր երկրորդ գործը: Նա հանդես է գալիս որպես դիզայներ՝ ներկայացնելով գեղեցիկ, յուրօրինակ ու չկրկնվող զգեստներ: Նորաձևությամբ զբաղվել է մանկուց, գծագրել ու կարել, իսկ հասուն տարիքում արդեն իրականացրել երազանքը՝ ունենալով դիզայներական ստուդիա: Անահիտն ընտրել է բիզնեսի այս տարբերակը՝ մտածելով, որ, երգարվեստում ունենալով ընկերներ ու ծանոթներ, կարող է հեշտությամբ այն աշխատեցնել:
Իվետա Մուկուչյան
Իվետան և քույրը՝ Մարիաննան, հիմնադրել են «Մուկուչյան» բրենդը, որը ներառում է փետրավոր ականջօղեր (tribe feathers), ժամացույցներ և «Ամենա-Ամենա» բլուզներ: Իրեն դիզայներ չհամարող Իվետան ներկայացնում է այն հագուստն ու աքսեսուարները, որոնք կրում է և՛ ինքը, և՛ Մարիաննան: Մուկուչյան քույրերի ապրանքանիշը ներկայացված է ոչ միայն Հայաստանում, այլև Իբիցայում։
Մայա Պողոսյան
«Էլ սթայլ» ամսագրի գլխավոր խմբագիր, հեռուստահաղորդավարուհի Մայա Պողոսյանը ևս հաջողակ բիզնես լեդի է: Նա և ամուսինը՝ Ավետիս Խախամյանը, ղեկավարում են El holding-ը: Ամուսիններն ունեն մի քանի սրճարաններ մայրաքաղաքի տարբեր հատվածներում, հագուստի բրենդային խանութ, որտեղ ներկայացված են Մայայի մոդելավորած զգեստները:
Արմինկա
Արմինկան ժամանակին Երևանում գեղեցկության սրահ ուներ։ ԱՄՆ տեղափոխվելուց հետո լուրեր տարածվեցին, որ երգչուհին վաճառել է այն։ Այժմ նա իր ատելյեն ունի ու զբաղվում է հագուստի դիզայնով։
Նունե Եսայան
Շոու բիզնեսի ամենահին բիզնես լեդիներից է երգչուհի Նունե Եսայանը: Նրա գեղեցկության սրահը գործում է 2001 թվականից։ Մատնահարդարման, մազերի խնամքի, բիոէպիլացիայի, դաջվածքի, դիմահարդարման ծառայություններ է մատուցում սրահը։ Գեղեցկության սրահի այցելուները տարբեր են՝ շոու բիզնեսի աստղեր, պաշտոնյաների կանայք ու շարքային քաղաքացիներ:
Լիլիթ Հովհաննիսյան
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն էլ կարծես չի բավարարվում հարսանիքների, տեսահոլովակների ու շրջագայությունների միջոցով հսկայական գումարներ վաստակելով և որոշել է օնլայն բիզնես սկսել։ Նա ներկայացնում է իր ONLINE shop-ը: Լիլիթ Հովհաննիսյանը համարվում է այս կայքի հիմնադիրը և այնտեղ վաճառվող զգեստների դիզայները։
Լուսինա
Երգչուհի Լուսինան՝ Տրանսպորտի և կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի դուստրը, ևս բիզնեսով է զբաղվում։ Նա Լիբանանում արտադրվող «Patchi» շոկոլադի հայաստանյան ներկայացուցիչն է։ Լուսինան բավականին շատ է սիրում շոկոլադ, այն համտեսել է Բեյրութում և մտածել, որ Հայաստանում այն ևս պետք է լինի։ «Patchi» շոկոլադի 1 կգ-ը սկսվում է 29 հազար դրամից: