Այս տարի նշվում է Հայաստանի անկախ պետականության վերականգնման 100-ամյա հոբելյանը: Կարծում ենք` կարևոր է շեշտել, որ հայկական բանակը ստեղծվել և կայացել է դեռևս մեկ դար առաջ, իսկ անկախ Հայաստանի առաջին ռազմական նախարարն է հանդիսացել գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հախվերդյանը, որը պաշտոնավարել է 1918-ի հունիսից մինչև 1919-ի մարտը:
Հախվերդյանը (Ախվերդով) սերում էր Սանկտ Պետերբուրգի հայկական ազնվական ընտանիքից. նրա ծնողներն էին պետական խորհրդատու Բարսեղ Հախվերդյանը և Նինա Տեր-Միքելյանը: Նա ցարական բանակի կադրային սպա էր, ինչպես և նրա Գաբրիել ու Գևորգ հարազատ եղբայրները: Անցնելով ռուս-ճապոնական պատերազմի և 1-ին աշխարհամարտի հորձանուտով՝ 1915-ին՝ 42 տարեկանում, Հովհաննես Հախվերդյանը ստանում է գեներալ-մայորի կոչում: 1917-ի վերջին նա տեղափոխվում է Հարավային Կովկաս, իսկ 1918-ի հունիսի 15-ից Հայաստանի Հանրապետության առաջին կառավարությունում ստանձնում է ռազմական նախարարի պաշտոնը և կարևոր դեր խաղում 1918-ի դեկտեմբերին բռնկված հայ-վրացական պատերազմում։
Գեներալ-լեյտենանտի կոչումը Հախվերդյանին շնորհվում է արդեն անկախ Հայաստանում: 1919-ի մարտին վարչապետ Հովհաննես Քաջազնունու հրաժարականից հետո Հախվերդյանը լքում է նախարարի պաշտոնը՝ զբաղեցնելով հայկական բանակի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, իսկ 1919-ի նոյեմբերի հայերենը բանակում որպես միակ գործածական լեզու պաշտոնապես սահմանելու արդյունքում Հախվերդյանը հրաժարական է տալիս: 1920-ի բոլշևիկների մայիսյան հեղաշրջման փորձից հետո Համո Օհանջանյանի կառավարության օրոք նա դառնում է ռազմական նախարարի տեղակալ։
Հայաստանի Հանրապետության անկումից հետո՝ 1921-ի սկզբին, Հովհաննես Հախվերդյանը շուրջ 1500 հայ սպաների հետ միասին ձերբակալվում է բոլշևիկների կողմից և բռնի կերպով աքսորվում Ռյազան: Հայտնի է, որ Հախվերդյանին այնուհետև հաջողվում է տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ, որտեղ նա սկսում է աշխատել որպես հաշվապահ: Սակայն 1930-ի դեկտեմբերին նա կրկին ձերբակալվում է ստալինյան ռեժիմի կողմից, այսպես կոչված, «Весна»-ի գործով, և 1931-ի ապրիլին հազարից ավելի նախկին ցարական բանակի սպաների հետ միասին գնդակահարվում է «հակահեղափոխական միապետական սպայական խմբավորման» անդամ լինելու անհեթեթ դատավճռի հիման վրա: