Հենրիխ Մխիթարյանի՝ Լոնդոնի «Արսենալ» տեղափոխման վերջնական ձևակերպումը թերևս արդեն մոտակա ժամերի հարց է: «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ասել է, որ այդ տրանսֆերը թիմերի միջև խաղացողների զուտ մեխանիկական փոխանակում չէ, այլ ինքն անձամբ է շահագրգռված եղել Հենրիխի՝ իր թիմ տեղափոխման հարցում՝ նշելով, որ իրեն դուր է գալիս Մխիթարյանի խաղը: «Դեռևս «Բորուսիայում» նա բազմիցս հանդես է եկել մեր թիմի դեմ և միշտ լավ տպավորություն թողել մեզ վրա: Գլխավորն այն է, որ նրան հոգեհարազատ է այն ֆուտբոլը, որը ցուցադրում է «Արսենալը»,- ասել է մարզիչը:
Արսեն Վենգերը, որի մականունն է «Պրոֆեսոր», անգլիական Պրեմիեր լիգայի մեկ թիմում անընդմեջ աշխատած ամենաերկարակյաց մարզիչն է: Ահա արդեն 22 տարի է՝ 1996-ից սկսած, նա հանդիսանում է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչը: Ֆրանսիայի Պատվավոր լեգեոնի ասպետի և Բրիտանական իմպերիայի շքանշաններին արժանացած այս մարզչի կիսանդրին տեղադրված է Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտի տարածքում, որտեղ խաղում է «Արսենալը» (նկարում):
Վենգերը ծնունդով Ֆրանսիայից է՝ ֆրանկո-գերմանական միջնադարյան անկրկնելի մշակույթ կրող Ստրասբուրգ քաղաքից: Տիրապետում է մի քանի լեզուների, որից իր համար հիմնականն են երեքը՝ ֆրանսերեն, անգլերեն և գերմաներեն: Նա ունի վերին աստիճանի պարտաճանաչ և պահանջկոտ մարզչի համբավ, սակայն, ի տարբերություն մյուսների, մարզչական իր բոլոր դրսևորումները նա սովորաբար արտահայտում է հնարավորինս չափի մեջ, որի համար էլ Պրեմիեր լիգայի ամենաբարեկիրթ մարզիչն է համարվում: Վենգերը մեծ հեղինակություն ունի նաև «Արսենալի» երկրպագուների մոտ, որոնց շրջանում շատ տարածված է «Arsene knows» (բառացիորեն՝ «Արսենը գիտի, թե ինչ է պետք անել») ասույթը:
1998/99 սեզոնում Արսեն Վենգերը դարձավ «Fair play»-ի («Ազնիվ խաղ») մրցանակակիր նրա համար, որ «Շեֆիլդ» թիմի հետ գավաթային խաղում հրաժարվեց հաղթանակից: Այդ խաղի ժամանակ «Շեֆիլդի» խաղացողներից մեկը վնասվածք էր ստացել, որից հետո նրանք անմիջապես դուրս էին հանել գնդակը խաղադաշտից, որպեսզի իրենց խաղացողին բժշկական օգնություն տրվի: Չգրված ջենտլմենական օրենքների համաձայն՝ «Արսենալի» ֆուտբոլիսները խաղի վերսկսումից հետո նետումով գնդակը պետք է հասցեագրեին «Շեֆիլդի» խաղացողներին, բայց դրա փոխարեն նրանք գնդակը պահում են իրենց մոտ և արագ գրոհով գոլ խփում: Այդ գոլը վճռական դարձավ խաղում, և «Արսենալը» 2:1 հաշվով հաղթեց:
Սակայն այդ ամենը չէր կարող գոհացնել բծախնդիր Վենգերին. ճիշտ է, ֆուտբոլային օրենքներով այնտեղ ոչ մի սխալ չէր գրանցվել, բայց ոչ բարոյական: Եվ Վենգերը գնում է բացառիկ քայլի․ նա հայտ է ներկայացնում այդ խաղը վերախաղարկման համար: Նոր խաղը կայանում է, և «Արսենալը» կրկին հաղթում է նույն հաշվով: Ահա այսպիսին է Վենգերը՝ մարդ, որն իր պարկեշտությամբ արդեն իսկ բացառիկ հետք է թողել անգլիական ֆուտբոլի պատմության մեջ: