Շուտով կսկսվեն եվրատեսիլյան կրքերը։ Մի քանի օր է՝ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի յութուբյան պաշտոնական էջում հրապարակվում են մրցույթի մեր մասնակիցների երգերը: Անկեղծ լինեմ, առանձնապես հիացած ու տպավորված չեմ կատարումներով. գրեթե բոլորը շարքային ու պարզունակ երգեր են՝ բացառությամբ մեկ-երկուսի: Իհարկե, հաղթողին կորոշեն հեռուստադիտողներն ու միջազգային փորձագետներից կազմված ժյուրին, բայց, միևնույն է, վերջին տարիների փորձը հուշում է, որ մի հարամություն անպայման լինելու է։ Մյուս բանը, որ հուշում է փորձը, այն է, որ այդ հարամության հեղինակն անպայման լինելու է Գոհար Գասպարյանը։
Բանն այն է, որ Գոհարը կատեգորիկ հրաժարվում է հասկանալ, որ պետք չէ այդ աստիճան թքած ունենալ հասարակության կարծիքի վրա: Այո, ոչ միշտ է, որ մրցույթում հաղթում է իրենից մշակութային արժեք ներկայացնող երգ: Սա ի վերջո ժամանակակակից երաժշտության շոու է: Միշտ չէ, որ հաղթանակները կարելի է օբյեկտիվ համարել, բայց մերոնք այնքան են ընկել այդ ժամանակակիցի ու իրենց քմահաճույքների հետևից, որ արդեն ծայրահեղության են հասել: Տեսե՞լ եք մասնակիցներին ու նրանց կերպարները․ ոնց որ ծաղրածու լինեն: Կդժվարանամ ասել՝ եվրոպական հանդիսատեսին դուր կգա՞ այդ խեղկատակությունը, որը պատրաստել ենք մենք, թե՞ ոչ: