Մինչ ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչում է Իսրայելի մայրաքաղաք և հայտարարում դեսպանատունը Թել-Ավիվից այնտեղ տեղափոխելու մասին, այդ ընթացքում Հին Աշխարհամասի երկու հզոր պետությունները՝ Ֆրանսիան և Գերմանիան, բոլորովին այլ հայտարարություններ են անում, ընդ որում մեկը՝ երկրի առաջին դեմքի, մյուսը՝ արտաքին գերատեսչության ղեկավարի կողմից։
Այսպես՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուլ Մակրոնը հայտարարում է, որ Իրանը տարածաշրջանայաին գերտերություն է, որի հետ պետք է անպայմանորեն հաշվի նստել՝ Մերձավոր Արևելքին վերաբերող ցանկացած հարց քննարկելու և կարգավորելու համար, իսկ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելն էլ նշում է, որ ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում և նոր ձևավորվող տնտեսական և քաղաքական առանցքներում կարևոր դեր և նշանակություն ունեն Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը, որոնց կշիռը գնալով ավելանում է։
Եվրոպան նման քայլերով փորձում է խորացնել հարաբերություններն Իրանի հետ՝ լավ գիտակցելով և նկատելով տարածաշրջանում Իրանի՝ օրեցօր աճող ազդեցությունը՝ միևնույն ժամանակ փորձելով սահուն կերպով դուրս գալ ԱՄՆ-ի ազդեցության տակից։ Իրանն էլ իր հերթին է ձգտում զարգացնել հարաբերությունները Եվրոմիության հետ։
Այս համատեքստում շատ կարևոր է այն հանգամանքը, որ Հայաստանն ունի լավ և գործընկերային հարաբերություններ ինչպես Եվրոմիության, անպես էլ Իրանի հետ և կարող է ու նաև պետք է դառնա երկու կողմին կապող օղակ, մանավանդ, որ դրա համար կա համապատասխան ներուժ և ցանկություն, մնում է պարզապես մի փոքր բարելավել ենթակառուցվածքային խնդիրները։