Թե՛ Ռուսաստանում հակահայկական, թե՛ Հայաստանում հակառուսական տրամադրությունները, որոնք կարծեք թե պայմանավորված են Հայաստանի կողմից ՀՀ-ԵՄ համապարփակ համաձայնագրի ստորագրման հանգամանքով, ըստ էության, հարցի մասնագիտական-բովանդակային հարթությունում շատ քիչ առնչություն ունեն բուն համաձայնագրի կամ համաձայնագրի ստորագրման ու դրանից բխող տրամաբանության հետ։ Կարծում եմ՝ այս տրամադրությունների առաջացման գործընթացը մեծամասամբ արհեստական է, որում շահագրգռված են ռուսաստանյան ու հայաստանյան առանձնակի հասարակական-քաղաքական շրջանակներ։ Խոշոր հաշվով՝ սա ինքնաբուխ սցենար չէ, և այստեղ էական չէ, թե ինչի շուրջ է բարձրանում աղմուկը՝ լինի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, թե մեկ այլ հարթության խնդիր։ Էականը նման տրամադրությունների առաջացումն էր, ուղղակի ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման հանգամանքը բավական լավ ու հարմար առիթ էր նման զարգացումների համար։ Որպես հետևություն նշեմ, որ հայաստանյան հասարակությունում հակառուսական տրամադրությունները և դրա խորացման հնարավորության հարցը օբյեկտիվորեն իր մեջ պարունակում են Հայաստանի անվտանգային տեսանկյունից բավական վտանգավոր տարրեր և ըստ էության՝ հայկական կողմի տեսանկյունից ուղղված են առաջին հերթին ոչ թե հայ-ռուսական հարաբերությունների խեղմանը, այլ ՀՀ ու հայության ազգային շահերի դեմ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: