Iravaban.net-ը գրում է.
Այսօր Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ փորձագետ Կարեն Վարդանյանի՝ առանձնակի դաժանությամբ սպանության գործով վերջիննիստը: Նախագահող դատավորն էր Տաթևիկ Գրիգորյանը: Գևորգ Զոհրաբյանի պաշտպան, փաստաբան Մարինե Ֆարմանյանն իր պաշտպանական ճառում նշեց, որ առաջին հայացքից թվում է, թե գործը պարզ է, սակայն գործում մի շարք չհիմնավորված ապացույցներ կան: Պաշտպանը շեշտեց, որ Գևորգ Զոհրաբյանը նախնական պայմանավորվածություն չի ունեցել ամբաստանյալ Արթուր Միհրանյանի հետ: Իսկ Արթուր Միհրանյանը տուժողին սպանելու միտում չի ունեցել: «Նախնական համաձայնությամբ խմբի կազմի մասով պետք է նշեմ տուժողի կողմից Գևորգ Զոհրաբյանին բնակարան նվիրելու փաստը: Ի՞նչ իրական վտանգ էր տեսնում Գևորգը Կարենից այն դեպքում, երբ Կարենն ինքն էր նվիրել իր սեփական բնակարանը նրան»,- ասաց Մարինե Ֆարմանյանը: Պաշտպանը ուշադրություն հրավիրեց լազերային սկավառակի վերաբերյալ զննության արձանագրությանը: Նա նշեց, որ ներքին դիտման լազերային սկավառակում առկա են 2 ձայնագրություն, որոնցից մեկում Արթուրն էր, իսկ մյուսում՝ Գևորգը: Տեսագրությունն ավարտվել է միանգամից՝ կարծես դիտավորությամբ այն անջատելու միտումով: Մարինե Ֆարմանյանն ասաց նաև, որ իրականությունը դիտավորյալ թաքցվել կամ խեղաթյուրվել է. «Այս գործի պարագայում պետք է տեղի ունենար առևանգմանը զուգորդված սպանություն, սակայն այս դեպքում Արթուրը Կարենին առևանգելու միտում չի ունեցել, և Կարենն ինքնակամ է նստել Արթուրի ավտոմեքենան»,-հավելեց պաշտպանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: