20-րդ դարի սկզբին կառուցված և Նալբանդյան 46 հասցեում գտնվող երկհարկանի այս հին երևանյան կառույցը արտաքուստ գուցեև մի փոքր աննկատ կարող է թվալ (այժմ այստեղ տեղակայված է ՎՏԲ բանկի մասնաշենքը), սակայն այս շենքի հետ կապված է կա մի ուշագրավ պատմական փաստ․ այս տանը 1920 թվականին ապրել և աշխատել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը:
Շենքը ժամանակին հայտնի էր որպես «Բոգոլյուբովսկու տուն» անվամբ, քանի որ մինչև 1907 թիվը այստեղ բնակվում էր Երևանի արական գիմնազիայի տնօրեն և Հռիփսիմյան իգական գիմնազիայի մանկավարժական խորհրդի նախագահ Գրիգորի Բոգոլյուբովսկին: 1918-1920 թթ. այս շենքը զբաղեցնում էր Հայաստանի առաջին Հանրապետության կրթության և արվեստի նախարարությունը: 1919-ի օգոստոսից մինչև 1920-ի մայիսը Հայաստանի կրթության և արվեստի նախարարն է եղել Նիկոլ Աղբալյանը: Հենց նա էլ հրավիրեց տաղանդավոր երիտասարդ բանաստեղծ Եղիշե Չարենցին աշխատանքի անցնել իր ղեկավարած նախարարությունում որպես հատուկ հանձնարարությունների կոմիսար։
Չարենցն այս շենքում աշխատել է 1920 թվականի հունվար-մայիս ամիսներին, և քանի որ նա նոր էր վերադարձել Կարսի մարզից, որտեղ մինչ այդ գյուղերից մեկում ուսուցիչ էր աշխատում, և Երևանում բնակվելու տեղ չուներ, բնակության և ստեղծագործելու համար Նիկոլ Աղբալյանը նրան տեղ հատկացնում հենց նախարարության այս շենքի սենյակներից մեկում: Նշենք, որ խորհրդային կարգերի առաջին տարիներին այստեղ տեղակայվում էր Լուսավորության ժողովրդական կոմիսարիատը, որտեղ նույնպես աշխատեց Չարենցը 1920-ի դեկտեմբերից մինչև 1921-ի մայիսը, այս անգամ արդեն որպես արվեստի բաժնի վարիչ: