Վերջին շրջանում Ադրբեջանի նախագահի մակարդակով իսլամական հարթակներից հնչող այն զրպարտանքները, թե Հայաստանը «մզկիթներ» քանդող երկիր է, ուստի «չի կարող համարվել մուսուլմանական երկրների բարեկամ», գրեթե անարձագանք են մնում իրանական մամուլում։
Փոխարենը, ԻԻՀ հեղինակավոր «Fars» գործակալությունը հայկական լրատվամիջոցներից արտատպում է և իրանական լսարանին ներկայացնում «ՀՀ նախագահ. Իսլամի և Ադրբեջանի ժողովրդի հետ որևէ խնդիր չունենք» վերտառությամբ հոդված, որտեղ մեջբերված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կրթական նոր ծրագրի մեկնարկին ունեցած ելույթում կատարած հետևյալ հայտարարությունը․ «Մենք Ադրբեջանի ժողովրդի կամ իսլամի հետ որևէ խնդիր չունենք և վստահ ենք, որ այդ երկրի քաղաքացիները խաղաղության են ձգտում ու այդ ցանկությունը պիտի ճիշտ միջոցներով արտահայտվի»։
Ակնհայտ է, որ Իրանում շատ լավ գիտեն, որ մզկիթներ ոչ թե հայերն են քանդում, այլ հենց ալիևյան կլանը, և ամեն կերպ փորձում են սեփական ժողովրդին, հատկապես ադրբեջանական քարոզին ոչ անհաղորդ ատրպատականյան հատվածին, զերծ պահել Ադրբեջանից տարածվող ապատեղեկատվությունից։