Հիմա, երբ հետադարձ հայացք ես գցում, տեսնում ես, թե մի քանի տասնամյակների ընթացքում ներկայումս արդեն տարօրինակ թվացող որքան սովորույթներ են փոխվել մեր մոտ և այժմ դարձել միայն պատմություն: Եվ դա լավ է. հասարակությունը չի կարող միշտ ամորֆ ու քարացած մնալ, և նորը միշտ պետք է գա ու փոխարինի հնին:
Ճիշտ է, տխուր թեմայով եմ հիմա խոսելու, բայց իմ սերունդն, օրինակ, կհիշի, թե սովետական տարիներին ինչ մեծ ծիսակարգով էին ընթանում քաղաքներում, կոնկրետ՝ Երևանում, թաղման արարողակարգերը: Նախ՝ և՛ հոգեհանգիստն էր կատարվում տանը, և՛ հոգեհացն էլ տրվում հանգուցյալի տանը, և այլ կերպ այն ժամանակ ուղղակի հնարավոր էլ չէր: Հիմա դժվար թե մեր նոր սերունդն այդ ամենը պատկերացնի, բայց, երիցս կներեք, այդ ամենին շատ դեպքերում մշտապես ուղեկցում էր խոհանոցում եփվող խաշլամայի հոտը: Այդ առումով ինչքան ճիշտ էր սգո սրահների հայտնվելն արդեն մեր ներկա իրականությունում: Երևի կհամաձայնեք, որ արարողակարգը սգո սրահներում կազմակերպելը շատ ավելի ճիշտ տարբերակ է: Իսկ մի քանի տասնամյակ առաջ, հիշում եմ, անգամ հանգուցյալի լուսանկարներն էին պատվիրվում և սև ժապավեններով ու քորոցներով փակցվում դրանք հանգուցյալի բարեկամների բաճկոններին:
Բայց դա դեռ ոչինչ: Այսօրվա երիտասարդ սերնդի համար ամենազարմանալին կլինի իմանալ, թե ինչպես էր սգո թափորն ուղեկցվում հանգուցյալի տնից դեպի հուղարկավորության վայր: Այդ պահին փակվում էր փողոցը, կանգ էր առնում երթևեկությունը և թափորը պետք է մի ինչ-որ հատված ոտքով անցներ փողոցով: Իսկ այդ ընթացքում քաղաքի այդ ողջ թաղամասով մեկ փողային նվագախումբը բարձր հնչեցնում էր Ֆրեդերիկ Շոպենի սարսափազդու «Սգո քայլերգը»՝ վախ և անելանելիություն սփռելով շուրջբոլորը: Երևի սովետական պետական չափորոշիչներով էր դա, որ միայն այդ մարշը կարելի էր այդ դեպքում նվագել: