Իրանի պետական ռադիոհեռուստաընկերության տնօրեն Աբդոլալի Ալի Ասքարին հանդիպել է լիբանանյան «Հիզբալլահ» շիայական արմատական կազմակերպության գլխավոր քարտուղար Սեյյեդ Հասան Նասրալլահի հետ։
Հանդիպումը հատկանշական է նրանով, որ տեղի է ունենում տարածաշրջանի համար այնպիսի ժամանակահատվածում, երբ ակտիվ տեղեկատվական-քարոզչական պայքար է ընթանում Մերձավոր Արևելքում մրցակցող ուժերի միջև։ Գաղտնիք չէ, որ ցանկացած տիպի հաջողություն՝ լինի ռազմական, քաղաքական, տնտեսական, թե սոցիալական, առանց համապատասխան տեղեկատվական-քարոզչական աջակցության պարզապես դատապարտված է ձախողման։
Լավ գիտակցելով այս ամենը՝ իրանական կողմը փորձում է վերջին շրջանում արձանագրած հաջողությունները ամրապնդել և համակարգել նաև տեղեկատվական-քարոզչական դաշտում՝ սկսելով իր համար կարևոր և հին դաշնակցից և, ըստ էության, իսլամական հեղափոխության արտահանման առաջին հաջողված փորձից՝ լիբանանյան «Հիզբալլահից»։
«Հիզբալլահի» ընտրությունը կարևոր է նաև նրանով, որ այն գտնվում է տարածաշրջանում Իրանի համար մեկ թշնամական երկրի՝ Իսրայելի անմիջական հարևանությամբ և կարևոր դերակատարում ունի իրանա-իսրայելական հակամարտության գործում։