Ինձ, իհարկե, կներեք, որ չեմ միանում Լևոն Հայրապետյանի անվան շուրջ այսօր ձևավորված կռապաշտական շաբաշին, բայց արդեն որերորդ գրառումն եմ տեսնում, որտեղ ասվում է, որ Հայրապետյանի մահվան մեջ մեղավոր ենք բոլորս։
Երիցս կներեք, ու թող հանգուցյալի հոգու վրա լույս իջնի, բայց ես ինձ մեղավոր չեմ համարում նրա մահվան հետ կապված և ոչ մի դրվագում։ Մի բան էլ ավելին ասեմ․ ես չեմ հասկանում, թե ինչ բացառիկություն ուներ այս անհատը, որ նրա կյանքն ու մահը դարձավ հանրային քննարկման առարկա։ Իրոք, չեմ հասկանում։
Ոչ մի կերպ չեմ պատրաստվում վատաբանել հանգուցյալին ու երևի թե հանգուցյալի մասին էլ չէ խոսքս, որքան հերթական միֆական հերոս ստեղծողների, բայց ամենայն անկեղծությամբ փորձեցի գոնե ինձ համար պարզել, թե ինչո՞վ էր Հայրապետյանն առանձնանում հայաստանաբնակ ու ոչ հայաստանաբնակ հայ մեծահարուստներից․ չէ՞ որ ասվում է, որ նա մեծ բարերար է, հերոս է և այլն։
Այսպես՝ մի ժամ համացանցը քրքրելուց հետո հասկացա, որ Հայրապետյանը, այո՛, արել է որոշ չափով բարեգործություն, բայց եթե վերածենք դա բացարձակ թվերի, ապա նույնիսկ հայաստանաբնակ մեծահարուստների ֆոնին նա «միջակ էր»։ Մեծ հաշվով՝ նա մի երկու միլիոն դոլար գումար է ներդրել Արցախում, որի առյուծի բաժինն իր հայրենի Վանք գյուղում բացված ՄԱՍՆԱՎՈՐ ռեստորանն ու հյուրանոցային համալիրն են կազմում, որոնք եկամուտ բերող կոմերցիոն հիմնարկներ են։ Մարդկանց էլ է օգնել, բայց ասել, որ դարակազմիկ մեծությունների հետ գործ ունենք, մեղմ ասած, չափազանցություն կլինի։
Ուրիշ ինչո՞վ է առանձնացել Հայրապետյանը։ Ինչ-որ ժամանակ հանդես է եկել իշխանական վերնախավի հետ տանդեմով, հետո կտրուկ ընդդիմադիր է դարձել։ Որևէ բացառիկ բան կա՞ սրանում։ Կրկին ո՛չ։ Ի վերջո, ունենք Խաչատուր Սուքիասյան, Գագիկ Ծառուկյան ու այլ մեծահարուստների օրինակներ, որոնք ևս անցել են այդ փուլերով։ Այդ դեպքում ինչո՞ւմ է Հայրապետյանի բացառիկությունը։
Երևի, որ Ռուսաստանում ինչ-ինչ հանգամանքներում դարձել է մեծ խաղի զո՞հ։ Բայց դա մեզ հետ ի՞նչ կապ ունի, ու ինչո՞ւմ ենք մենք մեղավոր։ Փողերի ու արյան մեծ հոսքերով այս խաղի մեջ մտնողները միշտ էլ ռիսկի տակ են, ու Հայրապետյանը գնաց խաղի զոհ ոչ թե նրա համար, որ հայ էր կամ էլ Հայրապետյանն էր, այլ նրա համար, որ տարբեր օլիգարխիկ կլանների բախման արդյունքում եղան կորուստներ, ու նա նրանցից մեկն էր և կլիներ նույն կարգավիճակում, եթե ազգանունը -դզե, -ով, -ին և այլ վերջածանցով ավարտվեր։
Կարծում եմ, որ պարզապես գործ ունենք արդեն հիվանդագին աստիճան աղավաղված «Գնա մեռի, արի սիրեմի»-ի հերթական դրսևորման հետ։ Հանգիստ թողե՛ք հանգուցյալին ու նրա անունը, մանավանդ քաղաքական շահարկումների մեջ այն մի՛ օգտագործեք։