Բավական ուշագրավ իրադարձություններ են կատարվում պառլամենտարիզմի մայրաքաղաքում: Այնքան ուշագրավ, որ չանդրադառնալը մեղք է, իսկ դրանց մասին չիմանալը կարող է պատժվել օրենքի ողջ խստությամբ…
Եվ այսպես, Իտալիայում համացանցում տեղեկատվական հոսքին հետևող ոստիկանական հատուկ ստորաբաժանումը ջնջել է նախագահ Ջորջո Նապոլիտանոյին վիրավորող Facebook-յան էջերը: Ոստիկանությունը մի քանի քաղաքներում՝ Նեապոլ, Հռոմ, Բարի, Պեզարո և Սպեցի, հայտնաբերել է «Ես ատում եմ Ջորջո Նապոլիտանոյին» կամ «Անջատե՛նք Ջորջո Նապոլիտանոյին» խմբի հեղինակներին և նրանց մեղադրանք ներկայացրել հանրապետության նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար:
Ինչ հետաքրքիր է չէ՞ ստացվում: Եվրոպային ենք կապկում, Եվրոպան որպես խոսքի ազատության բացառիկ օրինակ ենք ընկալում, իսկ այստեղ արի ու տես սարսափելի բարքեր են տիրում՝ ժամանակակից ֆեյսբուքահայի համար անհասկանալի ու անընդունելի:
Փաստորեն Իտալիայում սոցցանցերում վիրավորել չի կարելի, իսկ պաշտոնյաներին վիրավորել առավել ևս չի կարելի: Ցանկացած իրեն հարգող ֆեյսբուքահայ կգժվեր նման պայմաններում: Չէ՞ որ էստեղ մեր արած հիմնական գործը սրան-նրան մրոտելն է՝ հաճախ ոչ կուլտուրական ժանրում: Հիշո՞ւմ եք՝ ինչ աղմուկ բարձրացավ, երբ իմացանք, որ փոլիս-մոլիսները կամ Վովայի ասած միլիցա-պեպելնիցաները Ֆեյսբուքը հսկում են: Գժվելու բան է: Գրողը տանի, մենթերը մեզ նենգաբար հետևում են, հետևում են մեր անձնական տարածքին: Հիշում եմ՝ ինչ աղմուկ բարձրացավ հետո, երբ կասկած տարածվեց, որ ֆեյսբուքահայերից մեկին հրավիրել են բաժին իր գրառման համար: Էդ աղմուկից անգամ ոստիկանությունը վախեցավ ու հետո ափալ-թափալ սփրթնած ասացին, որ մեքենայի հետ կապված ինչ-որ խնդրի պատճառով են հրավիրել: Լրիվ բայղուշ ենք:
Մեզ փաստորեն ոչ թե օրենք ու օրինականությունն է դուր գալիս, այլ անարխիան: Հետո էլ կասեն, թե խոսքի ազատության մասով Հայաստանը կաղում է: Սառած ժպիտով եվրոպացիները երևի մեր Ֆեյսբուքից գաղափար չունեն: Ես զզվում եմ Աշոտյանից, Տարոնից… Հիանում եմ Ուրիխանյանով, պաշտում եմ Ծառուկյանին, Նեմեց մարդասպան … ինչ խումբ ասես կա մեզանում: Ու թող մի նենգ միլիցա հլա փորձի դրանք փակել: Երրորդ համաշխարհային կսարքենք գլխներին:
Բայց դե էսպես էլ շատ ենք լկստվում: Որ ճիշտն ասեմ, դեմ եմ կանոնակարգելուն, բայց դե մեր լեզվի տակ ոսկոր չկա… Եթե կուլտուրական ու քաղաքակիրթ մարդիկ լինեինք, հարց չկա, բայց էսպես…. ինչ ասես գրում ենք, ում ուզում՝ մրոտում ու քֆռտում: Հատկապես նախընտրական շրջանում... Ահավոր է: Լրագրողական էթիկայից ու թերթերի պատասխանատվությունից ենք խոսում ու ամեն օր առաջարկում լրագրոնղերի գյամերը քաշել, բայց մեր գյամերն էլ որ քաշեին, վատ չէր լինի: Յուրաքանչյուր ակտիվ ֆեյսբուքցի թերթից շատ ընթերցող ունի: Բա մեզ էթիկա կամ օրենսդրություն պետք չի՞: Իրականում թերթից կամ կայքից ոչնչով չենք տարբերվում… նույն ինֆորմացիայի տարածողն ենք ու նույն opinion maker-ը:
Ու առհասարակ մեզ մոտ համացանցի մասով օրենսդրությունը շատ է թերի: Դեռ հարյուր թվի օրենքներով ենք շարժվում: Հույսներս էն էր՝ մի քանի բլոգեր պատգամավոր ունենանք, որ նորմալ օրենքներ ընդունեն բլոգոսֆերայի ու Ֆեյսբուքի մասով, էն էլ դրանց ոտն արգելեցին ԱԺ: Ներկա մկների ժողովում խելացի մարդիկ տեղ չունեն: Արդեն 410.000 հայաստանցի կա Ֆեյսբուքում: Եթե հաշվենք, որ եղած-չեղած 2 մլն ենք մնացել, ապա դա բնակչության 25 տոկոսն է կազմում: Հասարակական վայրում հայհոյել չի կարելի, իսկ Ֆեյսբուքո՞ւմ:
Հա, մի բան էլ: Հաշվի առնելով մեր կուսակցական ջահելների ինտելեկտուալ մակարդակը ու, որ ամեն հաջորդ ընտրության բերաններն ավելի լկտի կերպով են բացում, կարծում եմ՝ դաշտը կանոնակարգել ամեն դեպքում պետք է: Թե չէ էսպես ինչ լկտիություն ասես գրում են, ու դա մեր քույրերն են կարդում, մեր մայրերը: Չի կարելի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել