Henaran.am-ը գրում է.
Կապիտան Հովսեփ Կիրակոսյանը մեկ վայրկյան անգամ չմտածեց ու երկու փոքրիկներին մեծացնելու պարտավորությունը կնոջ ուսերին թողնելով գնաց իր զինվորների կողքին լինելու:
Կնոջը պատգամեց.«Մարիա’մ, դու ուժեղ ես, մի բան կանես. դու կարող ես…»:
Գնաց ու դարձավ հանուն հայրենիքի կյանքը տված հերոսներից մեկը, գնաց, որովհետև չէր կարող չգնալ: Իր զավակները պետք է մեծանան իմանալով, որ հայրը հայ էր, հրամանատար, անձնազոհ ու խոսքին տեր տղամարդ:
Ծանր փորձությունների միջով անցած Մարիամը կարողացավ երեխաներին փրկել ու Հայաստան հասցնել: Մինչև հիմա էլ պահում է ամուսնու պատգամը` ուժեղ է:
Սակայն օրերս նրանց ընտանիքի արյունը ևս մեկ անգամ պղտորվեց: Այս անգամ կատարվածի հեղինակը թուրք կամ ազերի չէր: Մոր կողմից հայուհի Հելենա Մյուլեռը Հովսեփի զոհվելուց հետո նախաձեռնել և ԱՄՆ Ֆիլադելֆիա նահանգում դրամահավաքի արդյունքում հերոսի ընտանիքին է փոխանցել 1 200 դոլար:
Մեկ տարի անց Հելենան Հովսեփի ծնողներից հետ է պահանջել գումարը: Իրենց հերոս որդու անունը ու պատիվը ամենից թանկ գնահատող ծնողները վերադարձրել են այդ գումարը:
Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Հովսեփ Կիրակոսյանի հարազատներից մեկը նշեց.
«Ընտանիքը այդ գումարի կարիքը չուներ: Այս պահին նրանք սարսափելի ծանր ապրումների մեջ են ու հարցը բարոյական հարթության վրա է: Գումարը վերադարձրել են Հելենային, բայց սա խայտառակություն է: Փաստորեն Հովսեփի անունից գումար են հավաքել ու հերոսի հաշվին ինչ-որ մեկը հարստանում է: Ընտանիքը ցանկանում է, որ գումարը տրամադրած մարդիկ իմանան` կապիտան Հովսեփ Կիրակոսյանի անվամբ ոչ մեկ չի կարող բիզնես անել: Սա ստորություն է…»:
2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Արցախա-Ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ են կատարում։ Կապիտան Կիրակոսյանն այդ ժամանակ բնակվում էր ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում իր կնոջ և զավակների հետ: Հովսեփի կինը` Մարիամը, պատմել է, որ գիշերվա ժամը 3-ին արթնացել էր պատուհանի թակոցից: Հովսեփին արթնացրել է, ու պարզվեց` պիտի արագ գյուղից երեխեքին դուրս բերեին: «Ասացի՝ «Հովսե՛փ, օգնի, չեմ կարողանում կողմնորոշվել, չգիտեմ՝ էս անորոշության մեջից ո՞նց դուրս գամ», ասեց՝ «Չէ, Մա՛ր, կներես. չեմ կարող: 25 զինվոր ունեմ, պիտի նրանց կողքին լինեմ: Որ նրանց մի բան պատահի, ծնողների աչքերին ո՞նց նայեմ»: Ես լաց էի լինում, չգիտեի՝ ի՞նչ ու ո՞նց անել, ո՞ւր փախչել: Ասեց՝ «Մարիա՛մ, դու ուժեղ ես, մի բան կանես. դու կարող ես» ու գնաց…»:
Մարիամին իրենց երկու տղաների հետ միասին, Մատաղիսի տանից հաջողվեց փախչել:
«Ստեփանակերտ հասնելուց հետո զանգեցի Հովսեփին՝ ցերեկը 12:27 էր: Միայն մի բան ասեց՝ «Մարիա՛մ, կգամ ձեր հետևից». դրանից հետո էլ Հովսեփի հետ չկարողացա խոսել. անհասանելի է…»:
Կապիտան Հովսեփ Կիրակոսյանն առաջին զոհերից էր: Գնդակների տարափին իր զինվորներին նա թողել է խրամատներում և անձամբ նետվել մարտի դաշտ: Ծանր վիրավորված կապիտանը 30 մետր վազելով առաջ է գնացել և նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին։ Նրա ծառայակիցներից մեկը տեսել է, թե ինչպես է աչքերն ու ականջները արյան մեջ կորած կապիտանն առաջ ընթանում, որ և հակառակորդին մոտ չթողնի, և ինքը գերի չընկնի։ Զինվորները նրան խրամատ են տարել, բայց, ինտենսիվ կրակոցների պատճառով, չեն կարողացել դուրս բերել տարածքից, իսկ Կիրակոսյանը հրամայել է՝ «Տղե՛րք, ես լավ եմ: Դուք կռվե՛ք»: