Ինչպես նշում են իրանական պետական լրատվականները, Իրանը «Իմամ Խոմեյնիի» անունը կրող օդատիեզերական բազայից տիեզերք է արձակել առաջին «Սիմորղ» անունով արբանյակակիր հրթիռը։
Նշվում է, որ «Իմամ Խոմեյնիի» անվան օդատիեզերական բազան հարավարևմտյան Ասիայում իր տեսակի մեջ առաջինն է։
Փաստորեն, ԻԻՀ նախագահ Հ․ Ռուհանին, երբ օրեր առաջ հայտարարում էր, որ Իրանը համարժեք պատասխան կտա ԱՄՆ-ին, հավանաբար, ի թիվս այլ քայլերի, նկատի ուներ նաև այս ծրագիրը։
Անշուշտ, Իրանի պատասխանն ԱՄՆ-ին ավելի քան անսպասելի էր և դիպուկ։ Ստացվում է այնպես, որ երբ ԱՄՆ-ն պատրաստում է Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, որը հիմնականում ուղղված է Իրանի հիթիռային ծրագրերին, այդ նույն ժամանակ Իրանում պատրաստվում են արբանյակակիր հիթիռ բաց թողնել տիեզերք։ Սրանով Իրանը ԱՄՆ-ին հստակ հասկացնում է, որ իրակացնելու է իր որդեգրած քաղաքականությունը՝ անկախ այն բանից, թե օվկիանոսից այն կողմ ինչ որոշումներ կկայացնեն։
Հետաքրքիրն այն է, որ նշված բազայի կառուցումը սկսվել է այն ժամանակ, երբ պատժամիջոցներն Իրանի դեմ գործում էին բավականին խիստ ռեժիմով, և Իրանը գրեթե մեկուսացած էր միջազգային հանրությունից։ Փաստորեն, երբ Արևմուտքը կիրառում էր պատժամիջոցներ՝ հույս տածելով Իրանին, այսպես ասած, անկյուն քշել և հասնել ինչ-ինչ քաղաքական առավելության, վերջինս այդ ժամանակ կառուցում էր օդատիեզերական բազա և պատրաստվում արբանյակակիր հրթիռ բաց թողնել տիեզերք։
Իրանը, արձակելով այս հրթիռը, բացի իր առջև դրված ռազմաքաղաքական խնդիրների բարեհաջող իրացումից՝ կարևոր քայլ է կատարում նաև սեփական իմիջի ձևավորան հարցում՝ կոտրելով այն դիվական կերպարի կարծրատիպը, որը հիմնականում աշխարհին է մատուցվում արևմտյան ռեսուրսներով։