Առանց երաժշտության էլ կպարեն: Իրենց գործած գորգի վրա կանգնած կերգեն էլ: Այս ուրախությունը` վերջում: Մինչև այդ, վերջին մեկ տարում մեծից փոքր դազգահի մոտից հեռացել են միայն տանը հանգստանալու համար:
Սկսվեց այսպես, մեկ տարի առաջ: Նոր գորգերը Արցախի եկեղեցիների համար են:
Մինչև առաջին թելը գցելը քննարկումներ էին և ուսումնասիրություններ: Արվեստաբանն ու ազգագրագետն ունեին մեկ գերխնդիր. ստեղծել նորը` չհեռանալով հնից: Բարերարը, որը գաղափարի հեղինակն է ու ֆինանսավորողը, առայժմ ցանկանում է անանուն մնալ:
Նախ եկեղեցիների արդյունաբերական գորգերը փոխարինել հայկական ձեռագործ կարպետներով: Նախագիծը սկսվում է Արցախից: Եվ դա պատահական չէ: Արցախն այսօր հայկական գորգարգործության կենտրոններից է: Մյուսը Սյունիքն է:
Գունային սանդղակը, բրդյա թելերը, մկրատն ու գերկենտրոնացումը` Լիլիթը հերթականությունը գիտի 5 տարեկանից: Հենց այդ տարիքում էլ առաջին գորգն է գործել: Այս մեկն ուրիշ է:
Այս կանանց ձեռքերով, մի բարեգործի մտահղացմամբ, հայկական գորգը վերադառնում է հայկական կենցաղ այնպես, ինչպես եղել է հազարամյակներով, բայց ապագա հազարամյակներին միտված, նոր տեսքով ու հինը պահպանած:
Դրա համար տիկին Նաիրան ոտքի տակ տվեց ամբողջ Արցախը, մանրակրկիտ զննեց Գանձասարը ու նախագծեց նմանը չունեցող գորգեր:
Մեգերյան կարպետում առայժմ գործվում է 5 գորգ` 3-ը Գանձասարի եկեղեցու համար, երկուսը՝ Արցախի նախագահական նստավայրի: Գծագրերը պատրաստ են նաև Ղազանչեցոցի, Ամարասի, Դադիվանքի եկեղեցիների համար: Բոլորն էլ եզակի են իրենց տեսակի մեջ: Նախշազարդերի նոր հորինվածքով ու անգամ ավանդական գորգից խիստ տարբեր նոր կառուցվածքով:
7 ամիսն անցավ` գորգագործ 3 կանայք հոգոց չհանեցին: Հիմա տղամարդիկ են ծանրությունը զգում: Ոչ գործի:
Արցախի նախագահի նստավայրի նախասրահի գորգն են իջեցնում հաստոցից:
Հենքաթելերը թուլացված են, արդեն կարելի է մկրատը մոտեցնել ասպերին: Բայց առանց երգի Ջուլիկ տատը տեղից չի շարժվի: Ավանդույթ է: Ու մինչև երգը կհնչի, ևս մեկ ծես` հնում հավատում էին, որ ամուլ կանայք կամ նորապսակ հարսները, եթե անցնեն նոր գործած գորգի տակով, կամ գորգը ընկնի նրանց մեջքին, առողջ զավակ կծնեն, ընտանիքին բարիք ու երջանկություն կհասնի:
Հաջորդիվ` գորգերի խուզման պրոցեսն է: 21-րդ դարում այս հաստոցն է: Հնում ժամերով, անգամ օրերով սանրում էին ձեռագործ կարպետները ավելորդ թելերից ու մազիկներից մաքրելու համար:
Հոսող գետ չկա, Մեգերայնի տղաների ամուր բազուկներն էլ հերիք են: Արցախ ճանապարվող նորաստեղծ գորգերը լվացվում են հատուկ հեղուկով: Բաղադրությունը` հնագույն է ու գրեթե` պատմական գաղտինք:
Ասում են` գործող կանանցից հետո իրենց էներգիան և ուժը գորգին հաղորդում են լվացողները: Այդ պատճառով են ձեռագործ գորգերը յուրահատուկ իրենց փայլով ու էներգետիկայով:
Ըստ ավանդության` ամեն գորգը լվանում են 4-5 անգամ: Խուզումը, լվացումն ու չորացումը տևում է մի քանի ամիս:
Գորգը բացվում է, ամեն նախշի երևալու հետ` իրենց տրամադրությունն էլ: Երբ սկեցին ու ինչպես ավարտեցին` միայն իրենց է հայտնի:
Արցախի մելիքությունների խորհրդանիշերով զարդարված գորգերի վրա նստում են, նկարվում ու կորցնում ժամանակի զգացումը, առաջ ընկնում դրանից:
Գանձասարի եկեղեցու ուղեգորգը, խորանի, նախախորանի գորգերը, ԼՂ նախագահի նստավայրի աշխատասենյակի ու նախասրահի գորգերը պատրաստ են ուղևորվել Արցախ: Կանայք արդեն մտածում են` սկսեն ու շուտ ավարտեն նաև Ղազանչեցոցի, Դադիվանքի ու Ամարասի եկեղեցիների համար նախատեսված գորգերը: Հայկական գորգի նորագույն պատմության սկիզբը դրված է: