Armeniatv.am-ը գրում է.
Մի քանի րոպե էլ ու խմբավարն իր երաժիշտներին երկար սպասված անակնկալը ցույց կտա` Մակար Եկմալյանի, Սուրբ Պատարագն է` նոր հրատարկությամբ, նոտաներով, տառադարձությամբ ու ծանոթագրությամբ: Ու սկսվում է Աստվածային երաժշտությունը: Կամերային երգչախումբն առաջին անգամ «Սուրբ-Սուրբը» կատարում է նոր ոչ թե նոտաների տետրից, այլ նոր հրատարակված գրքից:

Մաեստրո Թոփիկյանը գիրքը ձեռքից բաց չի թողնում: Երկար էին սպասել: Եկմալյանի պատարագը նման շքեղ հրատարակությամբ մեկ էլ լույս էր տեսել 1896-ին, ոչ Հայաստանում` Լայպցիգում: Դա առաջինն ու, մինչեւ այս պահը, միակ ամբողջական հրատարակությունն էր: 

Գրքերի ծանր կապոցով հասնում են Էջմիածին: «Մշակութային վերածնունդ» հիմնադրամը հրատարակությունը նախ ներկայացնում է Մայր Աթոռում: Երբ դեռ միայն գրքի գաղափարը կար, խնդրեցին կաթողիկոսի ու Մայր Աթոռի օրհնությունը: 

Նաթան Սրբազանն աչքը կտրել հրատարակությունից չի կարողանում: Հայ եկեղեցու գլխավոր ծեսի այս ակադեմիական հրատարկությունը հոգեւոր աշխարհում բացառիկ իրադարձություն է :

Ամեն ինչ սկսվեց 2013-ին, երբ ստեղծվեց «Մշակութային վերածնունդ» հիմնադրամը: Հիմնադրամ ստեղծելու ու մշակութային ժառանգությունը հավաքելու ու թվայնացնելու ու պահպանելու գաղափարը Արթուր Ջանիբեկյանինն էր: 

Երաժիշտների ու մասնագետների թիմը նախ հավաքեց ժողովրդական, աշուղական եւ հոգեւոր երաժշտության ձեռագիր ու նոտագիր տարբերակները, ձայնագրեց, հետո նաեւ` թվայնացրեց: Հայերեն ժողովրդական, հոգեւոր ու աշուղական հարյուրավոր ստեղծագործություններ այսօր արդեն armenianmusic.am հասցեում են` լսելու ու ներբեռնելու համար: 100 տարի անց, հրատարակվեց նաեւ Կոմիտասի «Հազար ու մի խաղ» ժողովրդական երգերի ընտրանին: 

«Մշակութային վերածնունդ» հիմնադրամի տնօրենն ինքը կոնսերվատորիայի շրջանավարտ է: Հիշում է, երբ կատարում էին համաշխարհային լավագույն գործերը, հաճախ էին ափսոսում` ինչու հայ մեծերի գործերը նույնքան հասանալի չեն աշխարհին: 

120 տարի անց, Եկմալյանի պատարագն ունի նոր, ժամանակակից ու նույնիսկ ավելի հաստափոր հրատարակություն:

 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել