Սերովբե վարդապետ Իսախանյանի պատասխանը Սերգեյ Դանիելյանին:
«Հավատացյալ լինելը կամ չլինելը, քրիստոնյա լինելը կամ չլինելը անձնական հարցդ է: Որպես հոգեւորական անշուշտ ցավում եմ, որ որեւէ մարդ, առավել եւս հայ, իրեն անհավատ է համարում, իսկ Եկեղեցին էլ՝ անիմաստ կառույց, ձեռքս չի գնում գրել այն տգեղ բառերը, որոնցով այս «մտավորական» կոչվածը բնութագրում է եկեղեցին: 

Մի բան չեմ հասկանում. եկեղեցուց դժգոհեն, հիասթափվեն, պահանջեն, նրան քննադատեն այն մարդիկ, որոնք իրենց մեր եկեղեցու հետեւորդ են համարում եւ կարեւորում են եկեղեցին, կհասկանամ: Նրանք, բնականաբար, զավակներն են եկեղեցու եւ կարող են իրենց պահանջները ներկայացնել: Անկախ նրանից ես անձնապես Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական գաղափարակիցն եմ կամ ոչ, նրա տեսակետները կիսում եմ կամ ոչ, նա առնվազն իրավունք ունի քննադատել ու պահանջել, որովհետեւ Հայ Եկեղեցու զավակ ու հետեւորդ է: 

Իսկ այս «մտավորականը» գոնե ինքը հասկանո՞ւմ է՝ ինչ է բարբաջում: Մարդ արարած, եթե դու մերժում ես անգամ Եկեղեցու գոյության իրավունքը, ինչպե՞ս կարող ես ինչ-որ բաներ պահանջել կամ քեզ իրավունք տալ Եկեղեցուն խորհուրդներ տալ: Եթե Եկեղեցին քեզ չի հետաքրքրում, նրա կյանքով ու գործունեությամբ չես հետաքրքրվում, որտեղի՞ց գիտես, որ Եկեղեցին երբեք հանրային հարցերի շուրջ կեցվածք չի ունեցել կամ չունի: Էդ ե՞րբ հասցրեցիր Եկեղեցու ողջ պատմությունն ուսումնասիրել, որ իրավունք ես քեզ տալիս «հեղինակավոր կարծիք» հայտնել ու փնովել Եկեղեցին: 

Էդ ե՞րբ ես հասցրել եւրոպական ողջ պատմությունն ու ներկան ուսումնասիրել, նրանց ներկա քաղաքական համակարգն ուսումնասիրել, որ քեզ թույլ ես տալիս նրանց համակարգի մասին «հեղինակավոր կարծիք» հայտնել: Տեղյակ է արդյո՞ք քեզ նման «մտավորականը», որ եւրոպական քո իսկ բառերով առաջադեմ ու զարգացած երկրներից մի քանիսում դեռ քրիստոնեությունը պետական կարգավիճակ ունի, իսկ որոշ երկրներում էլ հատուկ պայմանագրեր են կնքված եկեղեցու եւ պետության միջեւ: Նշեմ միայն մի քանի երկրներ` Դանիա, Նորվեգիա, Անգլիա, Հունաստան, Կիպրոս, Մոնակո եւլն: Տեղյակ է արդյո՞ք քեզ նման «ուսյալ մտավորականը», որ եվրոպական գրեթե յուրաքանչյուր քաղաքում կամ նաեւ գյուղում յուրաքանչյուր 5-6 հազար մարդու համար նվազագույնը մի եկեղեցի կա: 

Տեղյակ է արդյո՞ք քեզ նման «մտավորականը», որ օրինակի համար միայն Գերմանիայի Քյոլն քաղաքում (այս քաղաքն եմ բերում օրինակ, որովհետեւ իր բնակչությամբ հավասար է Երեւանին) տարբեր հարանվանություններին պատկանող շուրջ 200 եկեղեցի կա: Հիմա համեմատիր, թե քանի հատ կա Երեւանում: Այնտեղ, ուր կան բավարար եկեղեցիներ, այնտեղ բնականաբար եկեղեցի չեն կառուցում: Եկեղեցի կառուցում են այնտեղ, որտեղ մեր ոչ հեռու անցյալի նախորդները քանդել ու հողին են հավասարեցրել աղոթքի բազմահարյուր տներ ու մարդուն զրկել աղոթելու եւ իր հոգեւոր կարիքները հոգալու հնարավորությունից: Մտածող մարդը գոնե այնքան խելք պիտի ունենա, որ խոսի միայն այն բաների մասին, որոնցից քիչ շատ գլուխ է հանում, որոնց մասին քիչ-շատ տեղյակ է, որպեսզի չհայտնվի ծիծաղելի վիճակում: 

Եւ վերջում էլ նշեմ, որ մենք գոնե հիմա նպատակ չունենք իրեն թաղելու, որովհետեւ առայժմ իր ապրելու ժամանակ է, հետեւաբար Աստծու օրհնության հայցմամբ իրեն մաղթում եմ առողջ կյանք, բայց նաեւ իմաստություն` խոսելու եւ կարծիք հայտնելու այն բաների մասին, որոնցից ինքը տեղյակ է...»

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել