ԻԻՀ հետ ԱՀ վարած քաղաքականությունը կարելի է անվանել «ջայլամային քաղաքականություն» ՝ անխտիր գրեթե բոլոր բնագավառներում։
Թեհրանում տեղի ունեցած երեկվա դեպքերը դրա վառ ապացույցն էին։
Այն ժամանակ, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհը ուշի-ուշով հետևում էր Իրանից ստացվող տեղեկատվությանը, փորձում էր հասկանալ՝ ինչ է կատարվում, այդ ընթացքում ԱՀ-ում ոչ թե պարզապես հետևում էին և փորձում հասկանալ, այլ նաև մտմտում էին զանազան ապատեղեկատվություններ, որոնք Իրանում էլ ավելի խուճապային տրամադրություններ կսերմանեին։
Տարածում էին լուրեր այն մասին, թե իբր Թեհրանի կենտրոնում գտնվող մետրոներից մեկում էլ է պայթյուն տեղի ունեցել, որը կրկին ահաբեկչության արդյունք է. ստահոդ լուրեր, որոնք, իհարկե, մի քանի րոպեից պաշտոնապես հերքվում էին։
Վերլուծություններով էին հանդես գալիս, որտեղ հայտարարում էին, որ Թեհրանի դեպքերը բացառապես Իրանի ներքին խնդիրներն են և կապ չունեն արտաքին ուժերի ու ահաբեկչական կազմակերպությունների հետ և այլն, և այլն։
Սակայն երեկոյան, երբ հերթը հասավ ցավակցական հեռագրերին, ԱՀ նախագահ Ի․ Ալիևը առաջիններից էր, որ իր ցավակցական հեռագիրն ուղարկեց ԻԻՀ նախագահ Հ․ Ռուհանիին՝ կարծելով, թե ինչքան շուտ ուղարկի հեռագիրը, իրանական վերնախավն այնքան շուտ կմոռանա ցերեկվա ադրբեջանական «ծակ» քարոզչությունը, կամ հույս ունեն, որ երեկվա թոհ ու բոհի մեջ իրանական կողմը նկատած չի լինի Ադրբեջանի՝ ահաբեկչության կրակի վրա ձեռքերը տաքացնելը։